Երգչուհի Թինա Թըրներն իր մասին նոր վավերագրական ֆիլմում հրաժեշտ է տվել երկրպագուներին
ՄՇԱԿՈՒՅԹԱմերիկացի լեգենդար երգչուհի Թինա Թըրներն իր մասին պատմող նոր վավերագրական ֆիլմում հրաժեշտ է տվել երկրպագուներին։ 81-ամյա երգչուհին հայտարարել է, որ իր կյանքի վերջին տարիները ցանկանում է հանդիսատեսից և տեսախցիկներից հեռու անցկացնել, գրում է The Sun-ը։
Բացի այդ, «Գրեմմի»-ի ութ մրցանակի դափնեկիրը խոստովանել է, որ ընտանեկան բռնության պատճառով, որին ենթարկվել է առաջին ամուսնու՝ երաժիշտ Այկ Թըրների կողմից, տառապել է հետտրավմատիկ խանգարումից։
Հետահայացք գցելով երիտասարդ տարիներին՝ լեգենդար երգչուհին խոստովանել է՝ «լավ օրեր չի ունեցել»։
«Ես դաժան կյանք եմ ունեցել, այն նկարագրելու ուրիշ բառեր չկան։ Դա է իրականությունը։ Դա է ճշմարտությունը»,- հավելել է երգչուհին։
Վավերագրական ֆիլմում, որը Sky-ի եթերում կհեռարձակվի ամսվա վերջին, Թըրները հայտնել է, որ երկրորդ ամուսնու՝ Էրվին Բախի կողքին վերագտել է երջանկությունը և նրա հետ պատրաստվում է ԱՄՆ մեկնել՝ Բրոդվեյ թատրոնում «Թինա Թըրների պատմությունը» բեմական շոուի պրեմիերային մասնակցելու և երկրպագուներին հրաժեշտ տալու համար։
Հայտնի է, որ 2013-ին փոփ աստղը ինսուլտ է տարել, իսկ դրանից երեք տարի անց նրա մոտ աղիների քաղցկեղ են ախտորոշել։ Ավելի ուշ Թըրների մոտ նաև երիկամային անբավարարություն է ախտորոշվել։ 2017-ի գարնանը նա երիկամի փոխպատվաստման Է ենթարկվել։