Հայաստանը կրճատելո՞ւ է ռազմական բյուջեն. փոխվարչապետի պատասխանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌազմական բյուջեի կրճատման հարց կառավարությունում չի քննարկվում և չի նախատեսվում քննարկվել: «Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Մի քանի օր է՝ մամուլում տեղեկություններ են տարածվում, թե կառավարությունը որոշել է կրճատել ռազմական բյուջեն, և նման քննարկում է արդեն եղել: ՀԺ-ն Գրիգորյանից հետաքրքրվել էր, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այդ տեղեկությունը, նման քննարկում եղե՞լ է:
«Մենք այս պահին քննարկում ենք բացառապես բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր, որոնց մասով տրվելիք լուծումների արդյունքում որոշ ծրագրերի գծով ծախսերը կավելանան, իսկ որոշների գծով կնվազեն»,- նշել է Գրիգորյանը:
Բացի այդ, փոխվարչապետն ընդգծել է, որ պաշտպանության ոլորտը, բնականաբար, եղել և շարունակում է մնալ կառավարության առաջնահերթությունը, և բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման գործընթացները միայն կնպաստեն ոլորտի ամրապնդմանը: