Daily Mail-ը ներկայացրել է աշխարհի նոր հրաշալիքները, որոնք կարող են հետաքրքիր ճամփորդությունների վայրեր դառնալ (լուսանկարներ)
ՄՇԱԿՈՒՅԹԲրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է լրագրող Մարկ Ջոնսի անդրադարձը, որում ներկայացրված են աշխարհի նոր հրաշալիքները։
Թաջ Մահալը, Ակրոպոլիսը, Անգկոր Վատը, Մաչու Պիչուն․․․աշխարհի հրաշալիքների ցանկը տասնամյակների ընթացքում շատ չի փոխվել։ Աշխարհի տեսարժան վայրերը միշտ կպահպանեն իրենց գրավչությունը, սակայն հիմա նոր հրաշալիքներ են հայտնվել մեր ճանապարհորդական ուղիներում։
Հին հրաշալիքները երկար տարիների ընթացքում դժվարությամբ ձեռք են բերել իրենց կարգավիճակը՝ որպես մշակութային, կրոնական կամ գեղարվեստական արժեք ներկայացնող վայրեր։ Ի հակադրություն, նոր հրաշալիքները նախատեսված են ակնթարթային ազդեցություն ունենալու համար։
«Ոսկե կամուրջ», Վիետնամ
«Ոսկե կամուրջ»-ը 150 մետր երկարությամբ հետիոտնային կամուրջ է Վիետնամի Դանանգի մերձակայքում գտնվող «Բա Նա Հիլզ» հանգստավայրում։ Կամուրջը պահում է երկու հսկա ձեռք, որոնք պատրաստված են ապակեպլաստի և մետաղալարի ցանցից։ Ճարտարապետ Վյու Վիետ Աննը նշել է, որ ցանկացել է «Աստծո ձեռքերով ձգվող թելով քայլելու զգացողություն ստեղծել»։
«Ուղղահայաց անտառներ», Իտալիա
«Ուղղահայաց անտառներ»-ն Իտալիայի Միլան քաղաքի Պորտո Նուովա թաղամասում գտնվող բնակելի շենքեր են։ Միլանի օպերային թատրոնն ու մայր տաճարն այցելուների ուշադրության տեսանկյունից նոր մրցակից ունեն, որը քաղաքների ապագայի վերաբերյալ ինտրիգային հայացք է առաջարկում:
Երկու շենքի վրա ավելի քան 900 ծառ է տնկվել: Շենքերից ամենաբարձրը 110 մետր է: Դրանք տեսնելու համար պետք է այցելել Միլան։
«Ծոցի այգիներ», Սինգապուր
«Ծոցի այգիներ»-ը քաղաքային զբոսայգի է Սինգապուրում, որը բացվել է 2012 թվականին։ Այն նախագծվել է Grant Associates կազմակերպության ճարտարապետների կողմից։ Զբոսայգում երեկոյան 19։45-ից հետո կարելի է վայելել թեթև երաժշտական ծրագիր։
«Դուբայի շրջանակ», ԱՄԷ
Արաբական Միացյալ Էմիրությունների առևտրային մայրաքաղաքը, անկասկած, 21-րդ դարի ամենազիլ քաղաքն է։ Այստեղ են գտնվում արմավենու տեսքով արհեստական կղզիները, աշխարհի ամենաբարձր շենքը և այլ կառույցներ։ Այստեղ է գտնվում նաև «Դուբայի շրջանակ»–ը, որը 150 մետր բարձրություն ունի։