«Իրավունք»․ ՔՊ-ում կադրային ռեբրենդինգ է սկսվել․ խնդիր է դրված ազատվել Արարատ Միրզոյանի բերած կադրերից
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն առավել հայտնի է որպես իշխանական ֆեյքերի ՊՈԱԿ անունով, կրկին մնաց առանց տնօրենի:
Լիլի Մինասյանն ազատվել է վերոնշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից՝ իր մեկնաբանմամբ անձնական պատճառներով, իսկ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Սակայն, «Իրավունքին» այլ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների՝ ՔՊ- ում կադրային ռեբրենդինգ է սկսվել: Մասնավորապես խնդիր է դրված ազատվել նրանցից, ովքեր համարվում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բերած կադրերը, որոնցից էր նաև Լիլի Մինասյանը: Եվ ընդհանրապես Արարատ Միրզոյանին սկսել են թիմում յուրային չընկալել՝ իզոլացնելով իրենց շարքերից:
Ըստ նույն խոսակցությունների՝ այսպիսի վերաբերմունքը սկսվել է դեռևս ԱԺ նախագահին ծեծի ենթարկելուց հետո: Նույնիսկ իշխանական թիմում հնչում են տեսակետներ, որ եթե այսօր Նիկոլ Փաշինյանին կառավարության մի շենքից մյուսը ուղեկցում են ոստիկանական անթիվ և անհամար զորքեր, ապա միանշանակ կարելի էր այդ կրիտիկական օրը նախատեսել և ապահովել Միրզոյան Արոյի անվտանգությունը:
Սակայն, ինչ-ինչ պատճառներով նրան պետք էր լռեցնել, որ տեղն իմանա: Հիմա ևս դրված է նույն խնդիրը, իշխող թիմում մտահոգված են, որ արտահերթ ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, Արարատ Միրզոյանը կարող է ինչ-որ չնախատեսված «խաղեր տալ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: