Պատմության այս օրը (ապրիլի 15)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մշակույթի համաշխարհային օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Բանակի օր, Վրաստան՝ Սիրո օր, Ղազախստան՝ Սիրահարների օր, Հյուսիսային Կորեա՝ Մայրաքաղաքի տոնի օր, Ռուսաստան՝ Ռադիոէլեկտրոնային պատերազմի մասնագետների օր, Ուկրաինա՝ Քրեական հետաքննության աշխատակիցների օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1725 - Թուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին։
1764 - Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվել է Եղիշեն։
1840 – տեղի է ունեցել Հայկական մարզի վերացումը և կազմվել են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։
1890 – ծնվել է խորտակված Տիտանիկ շոգենավի ուղևոր Դավիթ Վարդանյանը, որը հանդիսանում է 711 փրկված մարդկանցից մեկը։
1899 – ծնվել է արձակագիր, թարգմանիչ Վիվանը (Անուշավան Մարգարի Ջիդեջյան)։
1902 – Հիմնադրվել է Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը։
1904 - օսմանյան հրամանատարությունը նախաձեռնել է նոր հարձակում Սասունում: Հայերը ստիպված դիմակայել են 20 անգամ գերազանցող ուժերին: Հակառակորդին հաջողվում է ծանր մարտերով մոտենալ Գելիեգուզանին: Սասունցիների ինքնապաշտպանության վերջին օջախը պաշտպանել են Անդրանիկի գլխավորած մարտիկները, բայց ի վերջո զգացվել է զինամթերքի պակասը, և ինքնապաշտպանները ստիպված են եղել տեղի տալ:
1904 – ծնվել է ամերիկահայ նշանավոր նկարիչ Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան)։
1906 – ստեղծվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը` ՀԲԸՄ-ն, որը հանդիսանում է ամենախոշոր հայկական բարեգործական հասարակական կազմակերպություններց մեկը:
1908 – ծնվել է ֆրանսիացի հայագետ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ Ֆրեդերիկ Ֆեյդին։
1929 — ԽՍՀՄ-ում մտցվել է տարիքային կենսաթոշակային համակարգ։
1941 — ծնվել է հայազգի խորհրդային և ուկրաինական կինոռեժիսյոր, սցենարիստ Ռոման Բաբայանը։
1957 – վախճանվել է թարգմանիչ Արշավիր Խոնդկարյանը։
1965 – տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի հանդիսավոր բացումը։
1971 – վախճանվել է բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Բորյանը։
1993 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չիլիի հետ։
2005 - Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրվել է 20 միլիոն դոլարի վարկ Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի համար։
2008 - Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Յուրի Խաչատուրովը:
2010 - Երևան-Իջան ավտոճանապարհի 118-րդ կիլոմետրի հատվածը փլուզվել է սողանքի պատճառով:
2015 - Եվրախորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առանց նախապայմանների վավերացնել հայ - թուրքական արձանագրությունները և բացել Հայաստանի հետ սահմանը:
2016 - Մոսկվայի դատարանը Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման
2018 - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը և կոչ արել քաղաքացիներին նախ արգելափակել Երևանի ծայրամասերը կենտրոնին կապող բոլոր կամուրջները։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1450 — տեղի է ունեցել ֆորմինիի ճակատամարտը, որի ժամանակ ֆրանսիական բանակը ջախջախել է անգլիական էքսպեդիցիոն կորպուսին։
1452 – ծնվել է իտալացի աշխարհահռչակ նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, նաև բժիշկ ու գյուտարար Լեոնարդո դա Վինչին:
1795 — Լիտվան մտցվել է Ռուսական կայսրության կազմ։
1843 – ծնվել է ամերիկացի գրող Հենրի Ջեյմսը։
1874 — Փարիզում լուսանկարիչ Նադարի արվեստանոցում բացվել է իմպրեսիոնիստ-նկարիչների առաջին ցուցահանդեսը, որտեղ չճանաչված նկարիչներ Մոնեն, Ռենուարը, Պիսսարոն, Սեզանը և Դեգան ցուցադրել են իրենց աշխատանքները։
1877 — իտալացի գյուտարար էնրիկո ֆորլանինին օդ է բարձրացրել իր ստեղծած առաջին նախա-ուղղաթիռը։
1891 – ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ցուցադրել է իր ստեղծած կինետոսկոպը` շարժվող պատկերներ ցուցադրող սարքը:
1894 – ծնվել է ԽՄԿԿ առաջին քարտուղար, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Նիկիտա Խրուշչովը:
1896 – կայացել է Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը Աթենքում։
1912 – ծնվել է Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Իր Սենը։
1924 — ԱՄՆ-ում հրատարակվել է աշխարհում առաջին ավտոճանապարհների ատլասը։
1928 – Տաջիկստանը արաբական այբուբենից անցել է լատինական այբուբենի օգտագործման:
1942 – ծնվել է ամերիկացի գործարար Քենեթ Լեյը, որը առավել հայտնի է որպես «Էնրոն» կորպորացիայի հիմնադիր և գործադիր տնօրեն։
1949 – ծնվել է ռուս ճանաչված երգչուհի, խորհրդային և ռուսական էստրադայի առաջին մեծության աստղերից մեկը հանդիսացող Ալլա Պուգաչովան։
1951 — Լոնդոնում էրիկ Մորին կայացրել է առաջին «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթը։
1955 — ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Դեզ-Պլենզ քաղաքում Ռեյ Կրոկը բացել է իր առաջին «Մակդոնալդս» ռեստորանը։
1989 – Անգլիայի Շեֆիլդ քաղաքի Հիլզբորո ֆուտբոլային մարզադաշտում տեղի են ունեցել ողբերգական դեպքեր, որոնց արդյունքում զոհվել է մոտ 100 մարդ 700-ից ավելին ստացել են մարմնական վնասվածքներ:
1998 - Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվել է «Ավագ Ուրբաթի» պայմանագիրը
1998 - վախճանվել է կամբոջական քաղաքական գործիչ «կարմիր կխմերների» առաջնորդ Պոլ Պոտը։
2019 — Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկվել է հրդեհ, որի արդյունքում փլվել է տանիքը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը