Մարտից հունիս` ամեն ամսվա համար Արցախի յուրաքանչյուր քաղաքացու կտրամադրվի 68 հազար դրամ, բացառությամբ՝ 18-ից 63 տարեկան տղամարդկանց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր կառավարության հերթական նիստին ՀՀ կառավարութան պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվեց 7 միլիարդ 548 հազար դրամ։ Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նա ասաց, թե գումարի նպատակը լինելու է Արցախի Հանրապետության քաղաքացիներին աջակցության 4-ամսյա ծրագրի ֆինանսավորումն ապահովելը։ «Մասնավորապես` 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվում է 68 հազար դրամ` բացառությամբ 18-ից 63 տարեկան տղամարդկանց: Մինչև այժմ Արցախին տրամադրված աջակցությունների ծավալը կազմում է մոտ 33 միլիոն դրամ»,-ասաց նա և նշեց, որ մոտ 22 միլիարդի որոշում ևս կա։
«Ընդհանուր առմամբ՝ տրամադրված ու կառավարության որոշումներով հաստատված հատկացումները կազմելու են 55 միլիարդ դրամ»,-հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է ծրագրից դուրս մնացած քաղաքացիներին, ապա նախարարն ասաց, որ թեև մի քանի հարյուր քաղաքացի աջակցության ծրագրերից դուրս է մնացել, բայց կանեն ամեն ինչ, որ դառնան ծրագրի շահառու։