Անիմաստ և շատ ցածր արդյունավետություն ունեցող նախագիծ էր. Բորիս Նավասարդյանը՝ Ալեն Սիմոնյանի նախագծի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սահմանադրական դատարան է ուղարկել Ալեն Սիմոնյանի հեղինակած՝ զրպարտության ու վիրավորանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու և ֆինանսական փոխհատուցումը մի քանի անգամ բարձրացնելու մասին նախագիծը։
Հիշեցնենք, որ նախագծում պատասխանատվություն էր սահմանվում նաև լրատվամիջոցների համար։
ArmDaily.am-ի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ասաց, որ նախագահը ցանկություն է հայտնել հանդիպել այն լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ստորագրել են հայտարարությունը, որում կար դիմում նախագահին, որպեսզի նա դիմի սահմանադրական դատարան՝ քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների վերաբերյալ։
Նա նշեց, որ նախագահն ի պատասխան այդ առաջարկել է, որպեսզի այդ հայտարարության տակ ստորագրած կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեն իրեն և իրենց ներկայացուցիչները հանդիպել ու բանավոր նախագահին են ներկայացրել նրանց կազմակերպությունների դիրքորոշումները։
«Ես համոզված չեմ, թե ինչպիսի որոշում կկայացնի սահմանադրական դատարանը, որովհետև ի վերջո դա սահմանադրագետների հարց է։ Ես չէի ուզենա կանխատեսումներ անել, հուսով եմ, որ ամեն դեպքում մեր պատկերացումները, որ դա հակասում է սահմանադրությանը, քանի որ այդ խնդրի հետ կապված կար 2011 թվականի որոշում սահմանադրական դատարանի»,-ասաց Նավասարդյանը։
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի ներկայացրած նախագծի շուրջ մտահոգություններ հայտնած միջազգային կառույցներին, Նավասարդյանը նշեց, որ այնտեղ շատ ավելի մեծ նախաձեռնականությամբ հետևում են այն նախաձեռնություններին, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն զրպարտության և վիրավորանքի դեպքում։
«Երբ որ այդպիսի գաղափարներ են խմորվում այսօր Ազգային Ժողովում, միանշանակ դրանց նկատմամբ կա բացասական վերաբերմունք։ Իսկ ինչ վերաբերում է այս փոփոխությանը քաղաքացիական օրենսգրքում, մտահոգություն, այո, մասնագիտացված միջազգային կառույցները հայտնել են։ Այստեղ ակնհայտ է միտումը՝ հոգեբանական ճնշում գործադրել լրագրողների և լրատվամիջոցների վրա, բայց զուտ արդյունավետ կարգավորման առումով ես համոզված եմ, որ դա անիմաստ և շատ ցածր արդյունավետություն ունեցող նախագիծ էր»,-ասաց Նավասարդյանը։
Հայկա Ալոյան