Հասմիկ Պողոսյանի հարսը հարցաքննվել է․ «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հարսը հարցաքննվել է, իսկ պատճառն էլ հարուցված քրեական գործն է, որով անցնում է Հասմիկ Պողոսյանը: Ինչպես հայտնի է, Հասմիկ Պողոսյանը եւ Իսրայելում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը հայտնվել են պատմության կիզակետում, եւ նրանց մեղադրանք է առաջադրվել Երեւանի կենտրոնում՝ Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման հետ կապված։
Ըստ Քննչական կոմիտեի՝ շենքը դարձել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության սեփականությունը, ապա պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը եւ դրա զբաղեցրած հողամասը, Հ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, ձեւական գործարքի արդյունքում 550 000 ԱՄՆ դոլարով վաճառել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հասմիկ Պողոսյանի հարսին պատկանող ընկերությանը` օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ խեղաթյուրելով գույքի իրական բնույթն ու ծագման աղբյուրը: Եվ հենց դա է պատճառը, որ հարցաքննվել է նաեւ նախկին նախարարի հարսը: Ավելին, նշված քրեական գործով ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։