Այսօր մահացած զինծառայողը վիրավորվել է զորացրվելու նախորդ օրը. նա ապրիլյան պատերազմի մասնակից է եղել (Ֆոտո)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալում այսօր առավոտյան մահացած 20-ամյա Նարեկ Ասատրյանը գլխի շրջանում վիրավորումը ստացել է զորացրվելու նախորդ օրը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հայրը՝ Վլադիկ Ասատրյանը: Նա նշեց, որ Նարեկը մահացու վիրավորումն ստացել է հուլիսի 16-ին խրամատում ականի պայթյունի հետեւանքով եւ անգիտակից վիճակում միանգամից տեղափոխվել հոպիտալ: Նարեկ Ասատրյանը ապրիլյան պատերազմի մասնակից է եղել, ծառայել է Մատաղիսում:
Նա Կոտայքի մարզի Կարենիս գյուղից է՝ ընտանիքի միակ զավակը. «Ինքն էր մեզ պահողը, ինքն էլ զոհվեց: Հույսով սպասում էինք, որ կառողջանա»:
Վլադիկ Ասատրյանը նշեց, որ այս ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարարությունն իրենց տրամադրել է ընդամենը 100 հազար դրամ, որպեսզի ծնողները Կարենիսից Երեւան գան իրենց որդուն տեսակցելու. «Առաջարկել եմ, որ տանենք դրսում բուժենք, ասել են՝ տեղաշարժել չի կարելի, կմահանա»:
NEWS.am-ի հարցին՝ ինչու ՀՀ պաշտպանության նախարարությունը զինծառայողի վիրավորվելու մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ բոլոր վիրավորների մասին հաղորդագրություն տարածելը պարտադիր պայման չէ. «Ես բազմիցս ասել եմ, որ պարտադիր չէ բոլոր վիրավորների մասին հաղորդագրություն տարածելը»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է 5 ամիս առաջ վիրավորված զինծառայողը: