Անչափահաս աղջկա ներկայությամբ սեռական հարաբերություն ունեցած մայրը հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում.նա մեղադրվում է սուտ մատնության մեջ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՉափահաս տղամարդկանց կողմից սեռական բռնության ենթարկված անչափահասի մայրը հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում. նա մեղադրվում է քննիչին եւ հետաքննիչին կեղծ մեղադրանքներ ներկայացնելու մեջ։
Ամիսներ առաջ «Փաստինֆո»-ն անդրադարձել էր երեք չափահաս տղամարդկանց կողմից առանձին-առանձին նույն 12-ամյա աղջկա հանդեպ սեռական բնույթի հանցագործություններին:
Գործերը երեք տարբեր վարույթներով ուղարկվել են դատարան, բոլոր երեք գործերով տղամարդկանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 14 տարին չլրացած տուժողի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները: Դրանցից երկուսով դատաքննությունը դեռևս շարունակվում է, իսկ գործերից մեկով, որով առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, դատարանում հիշյալ հոդվածի փոխարեն ամբաստանյալին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի առաջին մասով՝ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար։ Այսինքն՝ սկզբնական մեղադրանքը մեղմացվեց եւ դատավճռով ամբաստանյալը մեղավոր ճանաչվեց հենց ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով՝ դատապարտվելով 1,5 տարվա ազատազրկման։ Սակայն Վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 8-ի որոշմամբ, ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի փետրվարի 14-ի դատավճիռը պատժի մասով բեկանվել և փոփոխվել է՝ խստացնելով ամբաստանյալի պատժաչափը եւ նրա նկատմամբ նշանակելով 2 տարվա ազատազրկում։ Նշենք, որ նշված հոդվածով դա նախատեսված առավելագույն պատիժն է:
Ակնհայտ էր, որ հանցագործություններում մեղքի իր բաժինն ունի նաև աղջկա մայրը: Տղամարդն անչափահասի մոր սիրեկանն է եղել, ում հետ համատեղ բնակվելու ընթացքում կինը բազմիցս սեռական հարաբերություն է ունեցել ամբաստանյալի հետ՝ հիմնականում տնակից դստեր բացակայելու ընթացքում, բայց նաև գիշերը՝ անչափահասի քնած ժամանակ, սակայն անչափահասը մի քանի անգամ ականատես է եղել դրան։ Մեղադրական դատավճռի հանգեցրած գործով, մասնավորապես, դատահոգեբանական փորձաքննությունը ևս անդրադարձել է մոր դերին՝ «դստեր հոգեկան, բարոյական զարգացման վրա էական բացասական ազդեցություն է ունեցել մոր վարքագիծը, ինչի արդյունքում դուստրը զոհ է դարձել սեռական ոտնձգությունների»։
Ի դեպ, սա վատթարագույն մոր վերջին «մեղքը» չէ, մեկ այլ գործով մոր տուժողի օրինական ներկայացուցչի կարգավիճակը վերաճել է մեղադրյալի, ապա նաև ամբաստանյալի կարգավիճակի: Այս գործն ուրիշ գործ է, սակայն ուղղակիորեն առնչվում է սեռական գործողությունների գործերից երկուսին, (որոնցով դատաքննությունը շարունակվում է), ավելի ճիշտ՝ դրանք քննած հետաքննիչին ու քննիչին)։ Պարզվում է, աղջկա մայրը 2013թ. նոյեմբերի 5-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ բողոքելով իր աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության վերաբերյալ գործերը քննած հետաքննիչի եւ քննիչի դեմ։ Տիկինը մասնավորապես բողոքել է, թե Բաղրամյանի բաժնի հետաքննիչն իր և դստեր նկատմամբ սպառնալիքներ տալով և բռնություն գործադրելով հարկադրել է բողոքել և իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ գործով որպես մեղադրյալ ներգրավված երկու անձանց վերաբերյալ, այսինքն՝ այն երկուսի, որոնց գործերն այս պահին գտնվում են դատաքննության փուլում։ Ավելին, ըստ տիկնոջ՝ հետաքննիչն իրեն գումար է առաջարկել, որպեսզի նա բողոքի եւ երկու անձանց մեղադրի իր աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության մեջ։
«Նույն օրը տրված բացատրությունով, որը խնդրել է ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում, կինը կեղծ տեղեկատվություն է հայտնել այն մասին, որ հիշյալ երկու տղամարդկանց նկատմամբ բողոքելու դիմաց հետաքննիչը գումար և զարդեր է առաջարկել իրեն, բացի այդ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչը նույնպես իր և դստեր նկատմամբ սպառնալիքներ է տվել և բռնություն գործադրելով իրենց նկատմամբ` հարկադրել է սուտ ցուցմունք տալ»,- նշել է անչափահասի մայրը ՀՔԾ-ում:
Անկեղծ ասած՝ տարբեր գործերով բազմիցս փաստեր արձանագրվել են, երբ քննիչը կամ հետաքննիչը գումար են պահանջել մեղադրյալի օգտին գործողություններ կատարելու համար, բայց որ հետաքննիչը գումար տա, որպեսզի ինչ-որ անձի դեմ հաղորդում ներկայացվի՝ սեռական բռնության վերաբերյալ, նորություն էր։ Առավել եւս, երբ այդ անձն առանձնապես հայտնի չէ հանրությանը եւ հասկանալի չէ, թե որն է այստեղ հետաքննիչի շահագրգռվածությունը։
Ինչեւէ, մոր այս հայտարարությունները նախաքննական մարմինը քննության արդյունքում որակել է որպես սուտ մատնություն եւ մեղադրանք առաջադրել։
Նշենք, որ տիկնոջ անչափահաս աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության վերաբերյալ երկու տղամարդկանց մասով գործերը դատարանում են գտնվում ավելի քան մեկ տարի՝ 2013 թվականի հունիսի 3-ից։ Իսկ քննիչի եւ հետաքննիչի դեմ կինը բողոք է ներկայացրել, ինչպես արդեն նշել ենք, 2013 թվականի նոյեմբերին, երբ այդ տղամարդկանց վերաբերյալ գործերը դատաքննության փուլում էին։ Ակնհայտ է, որ տվյալ պարագայում մայրը փորձել է պաշտպանել իր իսկ աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության հեղինակներին, ու թերեւս հենց դրանով է պայմանավորված որ մեկ տարուց ավել դատարանի վարույթում քննվում են այս պարզ գործերը։ Նկատենք, որ յուրաքանչյուր գործով որպես մեղադրյալ անցնում է մեկ անձ։
Հուսանք դատարանում պարզ կդառնա մոր՝ այսօրինակ վարքագծի պատճառը։