«Իրավունք»․ Կդատապարտվի՞ Զարուհի Բաթոյանը․ ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է զեկույց, որտեղ արձանագրվել են Սոցապնախարարությունում հայտնաբերված հրեշավոր խախտումներ
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է 266 էջանոց զեկույց, որտեղ տեղ են գտել Սոցապնախարարությունում հայտնաբերված հրեշավոր խախտումների մասին տեղեկություններ: Փաստերն արդեն իսկ ուղարկվել են դատախազություն: Դրանք վերաբերում են 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, երբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Զարուհի Բաթոյանն էր:
Համաձայն զեկույցի՝ պարզվում է, որ կոռուպցիայի և թալանի մասին սրտաճմլիկ ելույթներ ունեցող այս իշխանությունն է հենց թաթախված այդ ամենի մեջ:
Օրինակ՝ 2019 թվականի օգոստոսի 10-ին մահացել է մի քաղաքացի, որը մահից երկու օր անց «պրոթեզավորվել է» և նաև «դիմում է գրել»: Պետական ծրագրերով լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ են ձեռք բերվել, ու հայտնաբերվել է, որ 67 շահառուներ երկրում չեն եղել, ընդ որում՝ դրանցից 40-ը մինչև 2019 թվականը լքած են եղել հանրապետությունը: Նույն ծրագրով պարզվել է նաև, որ սրունքի պրոթեզավորման վճարները 59 հազար դրամով ավել են եղել, քան նախատեսված է եղել մրցութային ծրագրով և կնքված պայմանագրում: Անօթևանների համար նախատեսված ծախսերով 22 հազարից ավել անձ է սպասարկվել, և 16 միլիոն դրամից ավել գերածախս են տվել: Եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ տուն- ինտերնատի 11 բնակիչների անունով կատարվել է օրենքի խախտումներով անշարժ գույքի գործարքներ, որոնցից 10-ը՝ առանց խնամակալի մասնակցության: Այդ թվում՝ տուն-ինտերնատում բնակվող շահառուն, որը, գլխավոր տնօրենի պարզաբանմամբ, չի լքել տուն-ինտերնատը, բայց 2019 թվականի մայիսի 2-ին և 2020 թվականի օգոստոսի 15-ին գործարքներ է կնքել Կադաստրի կոմիտեում և արդյուքնում վաճառել է իր անշարժ գույքը: Եղել է նաև դեպք, որ 2019 թվականի փետրվարի 6-ին մահացել է քաղաքացի, սակայն մահից հետո ժառանգություն է ձևակերպվել, և նորից Կադաստրում գործարքներ են կատարվել: Եվ սա ընդամենը առկա փաստերից մի քանիսն են:
Թե այսպիսի աղաղակող փաստերի վերաբերյալ արդյոք կա արդեն հարուցված քրեական գործ դատախազությունում, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեվիկ Խաչատրյանից: Նա տեղեկացրեց, որ վերոնշյալ փաստերը դեռ ուսումնասիրման փուլում են՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։