Թշնամու գործողությունների դեմ պայքարի լավագույն միջոցը ներքին կոնսոլիդացիան է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի սահմաններում տեղի ունեցող լարված իրավիճակի պատճառով, եթե ռազմական դրություն հայտարարվի, ապա հնարավոր է, որ սպասվող արտահերթ ընտրությունները չեղարկվեն։ Այս մասին զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ։
Հարցին, թե սահմանային իրադարձությունները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ նախընտրական գործընթացների վրա, պատգամավորը պատասխանել է․ «Գիտե՞ք, շատ դեպքերում գուցե Ադրբեջանը նման պրովոկացիաներով ուղղված է դրան․․․ Նախ ընդհանրապես հստակ ասեմ, որ Ադրբեջանի կողմից բոլոր էս տեսակի պրովոկացիաներն ուղղված են Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացմանը՝ կոնկրետ դեստաբիլիզացիոն գործողություններով։ Ադրբեջանին առանձնապես չի հետաքրքրում ,թե Հայաստանում կլինե՞ն ընտրություններ, թե՝ չեն լինի, բայց անհրաժեշտ է, որ իրավիճակը Հայաստանում լինի ոչ կայուն։ Եվ մենք պետք է հասկանանք, որ թշնամու գործողությունների դեմ պայքարի լավագույն միջոցը ներքին կոնսոլիդացիան է։
Ինչ վերաբերում է ընտրությունների չեղարկման սցենարին, ապա ես չէի ուզենա նման հարց քննարկել բացարձակապես, որովհետև իրավիճակը վերահսկելի է և միջազգային այն ճնշումը, որ կա Ադրբեջանի նկատմամբ, վկայում է նրա մասին, որ Ադրբեջանը որևէ եղանակով չի կարողանալու իր հանցավոր նկրտումները հաջողությամբ պսակի։ Մեր դիրքորոշումը չափազանց կոշտ և հստակ է այս հարցի վերաբերյալ։ Այսօր ես նույնիսկ չէի ուզենա նման դիսկուրսի մեջ մտնել, որովհետև երկրում իրավիճակը կայուն է, անվտանգ է և կառավարելի է»։
Սոնա Գիշյան