Նիկոլ Փաշինյանը «ընտրակաշառք» է բեմադրելու․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Այս օրերին տեղեկատվական հարթակներում կեղծ տեղեկություններ են սկսել շրջանառել՝ իբր որոշ ուժերի կողմից այս կամ այն համայնքում գումար բաժանելու մասին: «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգին հանձնարարական է տվել առաջիկա օրերին մի քանի տասնյակ մարդու «հայտնաբերել», որոնք իբրև թե փող են բաժանել մասնավորաբար Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Մեր տեղեկություններով, նաև նախապատրաստել են մարդկանց, որոնք պարտավորվել են ցուցմունք տալ՝ իբր փող են ստացել «Հայաստան» դաշինքին ձայն տալու համար։ Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ «հայտնվելու» են մարդիկ, որոնք հայտարարելու են, թե մասնավորաբար Իշխան Սաղաթել յանն ու Վահե Հակոբյանը, ո՛չ այս, ո՛չ այն, իբր իրենց գումար են խոստացել, ճնշումների ենթարկել:
Մեզ հասած տեղեկություններով, սա մանրակրկիտ մտածված սցենար է, որը պետք է օգնի Նիկոլ Փաշինյանին քարոզարշավի ընթացքում ելույթները կառուցելու և քաղաքական հակառակորդին սևացնելով՝ որոշ ձայներ հավաքելու գործում։ Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագրի» շտաբում քննարկել են քարոզարշավի հիմնական «մեխերը» ու հասկացել, որ չկա որևէ թեմա, որով կկարողանան հանրությանը բացճակատ ներկայանալ։
Նախընտրական ծրագիրը տապալել են հիմնահատակ, չեն կատարել խոստումների 99 տոկոսը, և նոր խոստումներ տալը չի աշխատի, Արցախից չեն կարող խոսել, սահմանների անվտանգությունից չեն կարող խոսել, տնտեսությունից չեն կարող խոսել։ Քարոզարշավն էլ խոստումների պես չտապալելու համար նախընտրել են սևացնելու պրակտիկան՝ այս գործում ևս ներգրավելով իրավապահներին։ Հիմնական թիրախ էլ լինելու են «Հայաստան» դաշինքը և Քոչարյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում