Երիտասարդ ծանրորդներն ընդհանուր առմամբ 3 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
ՍՊՈՐՏՀայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է 3 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն են դարձել Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ), իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) նվաճել է արծաթե մեդալ:
Գարիկ Կարապետյանը երկամարտում լավագույնն է եղել 355 կգ արդյունքով (162 կգ + 193 կգ): Նրան 1 կգ զիջել և երկրորդ տեղն է գրավել Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Բաբայանը, իսկ 96 կգ քաշային կարգի երկամարտի բրոնզե մեդալը նվաճել է ուկրաինացի Իլյա Մոսկալենկոն՝ 349 կգ արդյունքով:
Աղջիկների 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը ոսկե մեդալի է արժանացել երկամարտի 223 կգ արդյունքով (98 կգ + 125 կգ): Հայ մարզուհուն 1 կգ զիջել է թրքուհի Դիլարա Ուչանը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Էկվադորի ներկայացուցիչ Կինոնես Խիմենես Կելին Ջուլիանան՝ 218 կգ:
Տղաների 81 կգ քաշային կարգում մեդալային պայքարն ընթացել է Կարեն Մարգարյանի և առաջնությունը հյուրընկալող երկրի երկու ներկայացուցիչների միջև: Մարգարյանն աշխարհի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 327 կգ արդյունքով (152 կգ + 175 կգ)՝ 16 կգ-ով զիջելով ոսկե մեդալակիր ուզբեկ Մուհամադկոդիր Տոշտեմիրովին և 1 կգ գերազանցելով Խոջիակբար Օլիմովին (Ուզբեկստան): Այս քաշային կարգում հանդես է եկել նաև Սուրեն Գրիգորյանը, որը երկամարտի 323 կգ (148 կգ + 175 կգ) արդյունքով գրավել է չորրորդ տեղը:
Աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցել են նաև Գոռ Սահակյանը (67 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Միլենա Խաչատրյանը (71 կգ), որոնց, սակայն, չի հաջողվել մեդալներ նվաճել:
Ավելի վաղ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը նշել էր, որ աշխարհի առաջնությունից հետո երիտասարդ ծանրորդները սկսելու են նախապատրաստվել սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությանը, որին հավաքականը կմասնակցի ընդլայնված կազմով: