Ժամեր անց ՀՀ տարածքով ցուրտ օդային ճակատ է անցնելու, ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՄի քանի ժամից մեր երկրի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է անցնելու, ինչով պայմանավորված Հայաստանի բոլոր շրջաններում տեղումներ են սպասվում: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ներկայացնելով կենտրոնի կանխատեսումները՝ օդերեւութաբանն ընդգծեց, որ մարզերում տեղումները հիմնականում կդիտվեն ձյան տեսքով, իսկ Երեւանում՝ թաց ձյան: Արկտիկական ճակատի ներհոսքով պայմանավորված՝ առաջիկա ժամերից մինչեւ դեկտեմբերի 9-ը մեր երկրի տարածքում օդի ջերմաստիճանը, ընդհանուր առմամ, կնվազի 8-10 աստիճանով:
«Արկտիկական ճակատն իր հետ բերում է շատ ցուրտ օդային հոսանքներ: Ցուրտ օդի ներհոսքը կսկսվի ժամեր անց եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 9-ը ներառյալ: Ամենացուրտը կլինի ամսի 9-ին: Լեռնային շրջաններում այդ օրն օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ -20-25 աստիճանի, նախալեռնային հատվածներում՝ մինչեւ -15: Երեւանում այդ օրը սպասվում է մինչեւ -10-12 աստիճան ցուրտ»,- մանրամասնեց օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալը:
Նրա փոխանցմամբ՝ վաղը առավոտյան ցիկլոնը կտեղափոխվի դեպի հարավ-արեւելք եւ վաղը առավոտից դրա ազդեցությունը կլինի միայն Սյունիքի, Վայոց ձորի եւ Արցախի վրա: Վաղը երեկոյան ժամերից ամենուրեք տեղումները կդադարեն եւ առաջիկա 5 օրերին երկրի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ կհաստատվի:
Մեր հարցին, թե արդյոք առաջիկա օրերին քամու ուժգնությունը կնվազի՝ Սուրենյանը պատասխանեց. «Քամիներ կլինեն այսօր գիշերը՝ արկտիկական ցուրտ օդի ներհոսքով պայմանավորված: Իսկ վաղն առավոտյան արդեն քամին կդադարի, անտիցիկլոնային վիճակ կհաստատվի: Նորմալ եղանակ կլինի, բայց շատ ցուրտ: Այսինքն, եթե այս օրերին Երեւանում գիշերը ջերմաստիճանը դրական էր, ապա այսօրվանից սկսած բացասական ջերմաստիճան կլինի»: