Նոր մանրամասներ Նոր Նորքի 4-րդ զանգվածում դպրոցի մոտ հնչած կրակոցներից. «Մերսեդեսը» հետապնդել է «BMW X5»-ին (ֆոտո)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ֆրիտյոֆ Նանսենի» անվան թիվ 150 հիմնական դպրոցի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել առ այն, որ դպրոցի մոտ արձակվել են կրակոցներ, որի հետեւանքով վնասվել են ապակիները:
Կատարված դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ «Ֆրիտյոֆ Նանսենի» անվան թիվ 150 հիմնական դպրոցի դիմային պատուհանի եւ դպրոցի մարզադահլիճի հանդերձարանի պատուհանի վրա առկա են կրակոցի միջանցիկ անցքեր: Անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ պարզելու դեպքի հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, դպրոցի շենքին մոտեցող «BMW X5» մակնիշի ավտոմեքենային հետապնդել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ գտնվող անձն ինքնաձիգից կրակոցներ է արձակել «BMW X5»-ի ուղղությամբ, որի հետեւանքով վնասվել է ավտոմեքենայի ապակին։ Բացի այդ, կրակոցները դիպել են նաեւ դպրոցի պատուհաններին։
Դեպքի առթիվ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, ականատես վկաներ։ Նշանակվել է դատահետքաբանական, դատաձգաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննություն:
Գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայություն` դեպքի վայրին մոտակա տեսախցիկների տեսաձայնագրույթուններն ստանալու նպատակով: Հանձնարարություն է տրվել Ոստիկանության Նոր Նորքի բաժնին` ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձին (անձանց), հնարավոր տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: