Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Grand Chess Tour մրցաշարում
ՍՊՈՐՏԼևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Grand Chess Tour-ի շախմատի մրցաշարում։
Նախավերջին տուրում հայ գրոսմայստերը 62-րդ քայլում պարտության է մատնել Ռումինիան ներկայացնող Բոգդան-Դանիել Դյակին:
Արոնյանը այս պահին 4,5 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունեն նաև Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկը և Նիդեռլանդները ներկայացնող Անիշ Գիրին։ Առաջատարն Ադրբեջանի մասնակից Շախրիյար Մամեդյարովն է՝ 5.5 միավորով: Նախորդ տուրում Արոնյանը հաղթել էր Գրիշչուկին:
Վերջին տուրում Արոնյանը կմրցի Ադրբեջանը ներկայացնող Թեյմուր Ռաջաբովի հետ։
Նշենք, որ մրցաշարում խաղում են համաշխարհային թագի նախկին հավակնորդ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը, Թեյմուր Ռաջաբովը (երկուսն էլ՝ Ադրբեջան), Մաքսիմ Վաշյե–Լագրավը (Ֆրանսիա), Բոգդան-Դանիել Դյակն ու Կոնստանտին Լուպուլեսկուն (երկուսն էլ՝ Ռումինիա):
Արոնյանը 2005 և 2017 թվականների աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009 և 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։