«Հրապարակ»․ Սուրեն Զոլյանն ուրախ է, որ որդին այլևս իշխանության հետ չէ
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԲրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը երեկ մեզ հետ զրույցում չթաքցրեց իր ուրախությունը, որ որդին՝ «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը, այլեւս չի շարունակելու ճանապարհը գործող իշխանության հետ, ընդգրկված չէ ՔՊ նախընտրական ցուցակում։ Արդյոք Ձեր սկանդալային գրառո՞ւմն է դեր խաղացել որդուդ դուրս մնալու հարցում․ հիշեցնենք, որ Զոլյանը պատերազմից հետո Փաշինյանի մասին գրել էր. «Վաղն իր գժի թուղթը կհանի եւ որպես անմեղսունակ՝ պատասխանատվությունից կազատվի»։
Զոլյանը պատասխանեց, որ դա որդու որոշումն է եղել․ «Ինքը գիտությամբ է ուզում զբաղվել, չափահաս մարդ է՝ ինքն էր ի սկզբանե որոշել, թե որտեղ լինի։ Համենայնդեպս, դուք նայեք, որ վերջին շրջանում ինքը հրապարակային հայտարարություններ չէր անում, ի տարբերություն մնացած պատգամավորների։ Չեմ կարծում, թե իմ ազդեցությունն է, դա իր որոշելիքն է»։
Հետաքրքրվեցինք՝ իսկ անցած երեք տարիներին չե՞ք հուշել Ձեր որդուն, որ իշխանության քայլերը լավ տեղ չեն տանում։ «Ոչ, ես չեմ խառնվել, ամենաանշնորհակալ գործն է ուրիշի գործերին խառնվելը»։ Ի դեպ, երեկ իմքայլական պատգամավոր Մ․ Զոլյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս քաղաքականությունից։