«Իրավունք»․ Սամվել Բաբայանն իրեն պաշտպանության նախարար տեսնո՞ւմ է
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Շրջանառվում են լուրեր, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որն Արցախում աչքի ընկավ նախ՝ բացահայտ սորոսականների հետ դաշինքով, իսկ պատերազմի օրերին ամեն մի տարօրինակությամբ, հնարավոր է, որ Աննա Հակոբյանի հետ սերտ կապերի հաշվին նշանակվի ՀՀ պաշտպանության նախարար: Բայց այդ դեպքում հարց է ծագում՝ ի՛նչ է լինելու Վաղարշակ Հարությունյանի հետ, որ, ընդունված է համարել, որ սերտ կապեր ունի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, և, համաձայն տարաբնույթ խոսակցությունների, ռուսների այն երաշխիքն է, որ հայաստանյան բանակին անցանկալի ուղղություններով չեն տանի: Իսկ այդպես կարող է լինել, եթե ռուսամետ համարվող Հարությունյանին փոխարինելու գա սորոսականների հետ դաշինքի մեջ մտած Բաբայանը: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու մասին լուրերին, Սամվել Բաբայանը նման պատասխան տվեց.
- Ինձ որևէ մեկը առաջարկ չի արել, նման խոսակցություն անգամ չի եղել:
- Բայց ահա նման առաջարկի թեմայով ֆլեշմոբ են սկսել նաև Ձեր կողմնակիցները:
-Ես, անկեղծ, տեղյակ չեմ, թե ովքեր են շահագրգռված և ինչքանով են անկեղծ: Արցախցիների մեծ մասի ցանկությունն է դա, բայց ցանկությունը մեկ բան է, առաջարկ ստանալը՝ լրիվ այլ: Այս պահին նման առաջարկ չի եղել:
-Եթե նման առաջարկ այնուամենայնիվ լինի, կընդուն՞եք:
-Եթե կլինի, ապա կմտածեմ:
-Պարոն Բաբայա՛ն, խնդրում ենք նաև Ձեր դիտարկումը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հետ կապված:
-Ես դա սխալ եմ համարում, և դրա մասին ես կբարձրաձայնեմ վաղը: Արայիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Արցախում քաոս կսկսվի:
-Նման հարց ևս. ինչո՞ւ մեր ԶՈԻ-ն, համարժեք պատասխան տալով հետ չշպրտեց թշնամուն, երբ նոր-նոր էր փորձում սողոսկել դեպի Սև լիճ:
-Հայաստանը բանակ չունի, պետք է բանակ ունենանք: Քանի չենք հասել դրան, թշնամին հա էլ ոտնձգություններ է անելու:
-Այսօր մենք բանակ չունե՞նք, ըստ Ձեզ:
-Ես դա բազմիցս եմ ասել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։