Նորամուծություն՝ Ճանապարհային ոստիկանությունում.
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհային ոստիիկանությունը հայտարարություն էր տարածել թափուր աշխատատեղերում ընդունելության համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՃՈ Հաշվառման քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնում ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ սկսվել է դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացը։
Գրեթե բոլոր դիմումատուները երիտասարդներ են և այս պահին քննական սենյակում տեսախցիկների հսկողության տակ ստուգվում են նրանց տեսական գիտելիքները։ Քննական սենյակում միայն նրանք են և հանձնաժողովը։ Նրանց տրվել է հարցերին պատասխանելու 15 րոպե ժամանակ։
Մինչ այս օրերին որոշ զանգվածային լրատվամիջոցներ հայտարարում են, թե Ճանապարհային ոստիկանությունն ունի կադրերի պակաս և ոչ ոք չի ցանկանում աշխատանքի տեղավորվել ճանապարհային ոստիկանությունում, մեծ թվով երիտասարդներ դիմում են ներկայացրել և ցանկություն են հայտնել աշխատանքի տեղավորվելու ՃՈ-ում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօրվա քննական գործընթացը կարելի է համարել նորամուծություն, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում երբևիցե նման ձևի աշխատանքի ընդունելու մոտեցում չի եղել։ Նորամուծություն է նաև ողջ գործընթացը տեսանկարահանելը, որպեսզի հետագայում մարդկանց կողմից չշահարկվի այն փաստը, թե ճանապարհային ոստիկան դառնալու համար կամ պետք է լավ հայրիկ ու քեռի ունենաս, կամ թիկունքիդ կանգնած լինի պատգամավոր, նախարար կամ ցեխավիկ։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ընդունելության հանձնաժողովի նախագահն է երկար տարիներ Ճանապարհային ոստիկանության համակարգում իր դերն ու նշանակությունը ունեցող ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի