Անցած տարի խաղաղ պայմաններում 100 մահվան դեպք է գրանցվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍյունիքում, հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի: Դեպքը տեղի է ունեցել իրար միջև բախումների հետևանքով։ Այս դեպքի վերաբերյալ զրուցել ենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։
Հարցին, թե ինչի հետևանք են նման ողբերգական դեպքերը իրավապաշտպանը ասել է․ «Նման դեպքերը կրկնվում են, և սա ակնհայտ անպատժելիության մթնոլորտի պահպանում է հայկական զինված ուժերում: Դուք գիտեք, որ անցյալ տարի 100 մահվան դեպք է գրանցվել խաղաղ պայմաններում, պատերազմի զոհերին չհաշված: Դրանց շարքում կար 18 ինքնասպանություն, ինչը շատ կասկածելի թիվ է: Այս տարվա դեպքերից մի քանիսը ևս արդեն ներկայացվել են որպես ինքնասպանություն: Ընդհանրապես, այս տարիների ընթացքում մեր աշխատանքային փորձը ցույց է տվել, որ դրանք սպանության դեպքեր են, այլ ոչ ինքնասպանության: Ողբերգությունն այն է, որ չկա այն վճռականությունը, կամքը՝ վերացնելու քրեական մթնոլորտը բանակում: Դա է հիմնական պատճառը, որ այդպիսի դեպքերը կրկնվում ու շարունակվում են: Ի դեպ, ասեմ, որ Քննչական կոմիտեի նորանշանակ ղեկավարից էլ չի զգացվում, որ նա փոխելու է ինչ-որ բան, կամ վճռական է իրավիճակը փոխելու հարցում»։
Անդրադառնալով այն վիճակագրությանը, որ վերջին տարիներին բանակում այդ սպանություններն ու ինքնասպանությունները մնում են չբացահայտված իրավապաշտպանը ասել է․ «Այո՛: Մենք, օրինակ՝ հիմա 4 գործ ենք քննում ինքնասպանություն որակմամբ: 4 գործերով էլ անհերքելի ապացույցներ կան, որ դրանք սպանություններ են, և բոլոր միջնորդությունները, բողոքները արդյունք չեն տալիս: Օրինակ՝ ունենք Գյումրիի բնակիչ Գևորգ Հարոյանի դեպքը, երբ ԴՆԹ անալիզով պարզվել է, որ նրա մատնահետքերը չկան զենքի վրա, բայց, միևնույն է՝ ինքնասպանություն է որակված, ու դա չեն փոխում: Այսինքն՝ ՔԿ նորանշանակ նախագահը պետք է արմատական փոփոխություններ կատարի թեկուզ քննության առումով, բայց ոչինչ չի փոխվել: Ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարելի է այդպես շարունակել, ինչպե՞ս կարելի է պատերազմից հետո, այդքան զոհերից հետո այդպես շարունակել պաշտոնավարել, և այդպիսի երկրորդական, երրորդական մոտեցում ունենալ բանակում մահերին: Վերջին դեպքը, երբ Սարգիս Գրիգորյանի մահը ինքնասպանություն էին որակել, մենք բավականին անդրադարձանք այդ թեմային, նրան զինվորական կարգով չէին թաղել, բայց նա 44-օրյա պատերազմի միջով էր անցել: Նրա հայրն ասում էր, որ նա նահանջող չէր, մինչև վերջ կանգնել, կռվել է: Եվ հետո՝ ինչո՞ւ պետք է ինքնասպան լիներ: Լավ, եթե անգամ ինքնասպան է եղել, դա ի՞նչ վերաբերմունք էր: Միայն այդ վերաբերմունքն արդեն ցույց է տալիս, թե ինչ է կատարվում բանակում, ինչպես են վերաբերվում զինվորին: Հիմա, եթե դատական համակարգը փոխվի, գուցե ինչ-որ դրական փոփոխություն լինի, բա դատախազական ու քննչական մարմիններին ո՞վ պետք է վեթինգի ենթարկի: Ուզում եմ ասել՝ բանակը պետք է մի ընտանիքի նման լինի, պետք է սիրեն զինվորին, գնահատեն: Հենց այդ սերն ու լավ վերաբերմունքն են բացակայում մեր բանակում: Շատ են պատմել, որ այդ սերն ու վերաբերմունքը հենց կռվի դաշտում է, ամենաթեժ պահերին, բայց էստեղ դա չկա: Միշտ էլ բարձր են գնահատվել հայ զինվորի հայրենասիրական պոտենցիալը, ներքին մղումը, կյանքը հայրենիքի համար զոհելու պատրաստակամությունը, ու դրան զուգահեռ չկա արժանի գնահատական զինվորի նկատմամբ: Եթե լիներ այդպիսի գնահատական, մենք չէինք տեսնի այս վերաբերմունքը: Ես չգիտեմ՝ ի՛նչը կփոխի հայաստանյան իրավական համակարգը»:
Սոնա Գիշյան