Պետք է կարգավորել նաև պատգամավորների վարքագիծը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարաբերվելիս
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում 13 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց խորհրդարանում լրագրողների աշխատանքը, այսպես կոչված, կանոնակարգելուն միտված որոշումը, որի համաձայն` լրագրողներն իրենց աշխատանքային պարտականությունները կկատարեն նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և խորհրդարանի շենքի այգում:
Այս թեմայով զրուցել ենք «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանի հետ։ Հարցին, թե արդյոք սա կարգավորում է Աշոտ Մելիքյանը պատասխանել է․ «Եթե դիտարկենք, որ սա կարգավորում է, իմ կարծիքով՝ այն կարգավորում է՝ ըստ խորհրդարանի ղեկավարության ճաշակի ու ցանկությունների: Այս որոշումն ընդունվեց առանց լուրջ քննարկումների ու լրագրողների կարծիքների անտեսմամբ: Իհարկե, խորհրդարանում կային տեսարաններ, որոնք տհաճ էին, երբ, ասենք, լրագրողները խմբով վազում էին այս կամ այն պատգամավորի հետևից, ամեն մեկն իր հարցերն էր տալիս՝ առանց հարգելու գործընկերոջը, նախապես չհամաձայնեցված մտնում էր պատգամավորի սենյակ, սրանք անշուշտ պետք էր կարգավորել, բայց համատեղ քննարկման արդյունքում: Այս որոշումն ավելի շատ հարմարեցված է խորհրդարանի ղեկավարությանը, և հաշվի չի առնվել այնպիսի կոնֆլիկտային իրավիճակներ, ինչպես, օրինակ՝ այն օրը, երբ անվտանգության աշխատակիցները մտան լրագրողների համար նախատեսված օթյակ և խոչընդոտեցին նրանց աշխատանքը: Այս որոշումը լուծո՞ւմ է նմանատիպ իրավիճակները, կարծում եմ՝ ոչ: Կամ՝ արդյոք լուծվա՞ծ է այն հարցը, երբ, օրինակ՝ պատգամավորը խլում է որևէ լրագրողի խոսափողը ու փակվում իր սենյակում»։
Հարցին, թե արդյոք այս որոշումը լրագրողների խոսքի ազատության սահմանափակում է Աշոտ Մելիքյանը պատասխանել է․ «Քանի որ որոշումը միակողմանի է և հարմարեցված միայն իշխանությանը, և հաշվի չի առնվել լրագրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հանգամանքը, այո՛, այս որոշման մեջ կան սահմանափակումների տարրեր, և անհրաժեշտություն կա կարգավորել նաև պատգամավորների վարքագիծը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարաբերվելիս»։