Մեր երկիրը կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ. Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Արմենը Գրիգորյանը, որը հուլիսի 14-ից կատարում էր ԱԳ նախարարի պարտականությունները և օգոստոսի 19-ին կրկին նշանակվեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գրիգորյանին, շնորհավորել է Միրզոյանին։
«Մեր երկիրը կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ: Այդ մարտահրավերներն առաջին հերթին անվտանգային են, որոնք կառավարելու, մեր երկրի համար նպաստավոր արտաքին միջավայր ձևավորելու համար մեզ անհրաժեշտ է արտաքին գործերի նախարարություն և դիվանագիտական ծառայություն, որը կկարողանա վերցնել իր վրա և կիսել քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար: Արարատ Միրզոյանը և Արմեն Գրիգորյանը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են, և իմ տրամաբանությունն այն է, որ այս ժամանակաշրջանում հատկապես պետական կառավարման համակարգը պետք է աշխատի որպես մեկ ամբողջություն, մեկ օրգանիզմ: Եվ ես համոզված եմ, որ մենք այդպես էլ կվարվենք», - ասել է Փաշինյանը։
Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վստահության համար:
«Մեր երկրի շուրջ ձևավորված և օրեցօր ձևավորվող նոր արտաքին քաղաքական, անվտանգային միջավայրի պայմաններում, թերևս տասնամյակներ գոյություն ունեցած և ըստ էության լուծում չստացած մարտահրավերների ու մեր առջև ծառացած նոր մարտահրավերների պայմաններում, ինձ համար չափազանց բարդ և պատասխանատու, բայց նույնքան էլ չափազանց պատվաբեր է ստանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկը: Եռանդ չենք խնայելու, որպեսզի մեր երկիրը հնարավոր լավագույն կերպով հաղթահարի առկա մարտահրավերները, անցնի այս փորձությունների միջով: Մենք փորձելու ենք մեր համեստ ներդրումն ունենալ, որպեսզի հնարավոր լավագույն, անվտանգ, խաղաղ, զարգացող հանգրվանի հասցնենք մեր երկիրը», - ասել է Միրզոյանը։
Վարչապետն արդյունավետ աշխատանք է մաղթել Արտաքին գործերի նորանշանակ նախարարին և ԱԳՆ աշխատակազմին՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:
Հիշեցնենք Արարատ Միրզոյանն արտգործնախարար նշանակվեց օգոստոսի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։ Մինչ այդ նա 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն էր։