Նոր փոփոխություններ՝ նպաստների և կենսաթոշակների վերաբերյալ օրենքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ արտահերթ նստաշրջանում դեկտեմբերի 15-ին ներկայացրել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հայտնում են նախարարությունից։ Նախագծի նպատակն է բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, լուծումներ տալ իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին:
Նախագծով սահմանվում է, որ սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը ՔԿԱԳ մարմիններից կարող է ստանալ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ: Հստակեցվում են օտարերկրյա քաղաքացիների միանվագ նպաստի և չաշխատող անձին մայրության նպաստի իրավունք տվող պայմանները, պատասխանաատվության նորմերը՝ ըստ նպաստների առանձին տեսակաների, նաև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու, խնամքի նպաստը վճարելը վերսկսելու պայմաններն ու կարգը: Դեկտեմբերի 16-ին օրենքն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Դեկտեմբերի 15-ին քննարկվել է նաև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ նախագծի նպատակը իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է: Նախագծով մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ ավելի վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել նաև կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման աշխատակցի կամ այլ անձի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման և կենսաթոշակառուի միջև փոխհամաձայնեցված մարման ժամանակացույցի հիման վրա:
Նախարարը նշել է, որ հետ կգանձվեն այն գումարները, որոնք սխալմամբ կենսաթոշակառուին են վճարվել սխալը հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում: Նախագծով առաջարկվում է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը ավելի վճարված կենսաթոշակների գումարների մասով առաջացած պարտավորությունները զիջել բացառությամբ այն դեպքերի, երբ կենսաթոշակի գումարը վճարվել է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար կամ կենսաթոշակի գումարը վճարվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետևանքով: Նախագծով առաջարկվում է կանոնակարգել նաև քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորված անձի, հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի կենսաթոշակի իրավունքի իրացման կարգը: Այս օրենքի նախագիծը ևս դեկտեմբերի 16-ին ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ նախագծի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին և նորմերին, միջազգային պայմանագրերին համապատասխան քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմանների, հասարակության կյանքում նրանց հավասար մասնակցության և արդյունավետ սոցիալական ներառման ապահովումն է:
Օրենքի նախագիծը քննարկվել է ՄԻՊ-ի, ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Եզրափակիչ ելույթում նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձել է պատգամավորների կողմից օրինագծերի վերաբերյալ հնչած մտահոգություններին ու առաջարկներին: Իրավաբան․net