26-ամյա երևանցին համացանցով ծանոթացել է «մասաժիստկայի» հետ, հրավիրել է իր տուն՝ «քցել» ու ծեծել վերջինիս
ԻՐԱՎՈՒՆՔԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվել է Խորեն Մ.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Խորենը 2016 թվականի մայիսի 21-ին, ժամը 22-ի սահմաններում Երևանի Խանջյան փողոցում հանդիպել է Լիդա Բ.-ին (անունը փոխված է), վիճել է հետը, ձեռքերով ու ոտքով հարվածներ է հասցրել Լիդայի գլխին ու ոտքին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ աջ ազդրի շրջանի արյունազեղում:
Խորեն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:
Ամբաստանյալ Խորեն Մ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ տուժող Լիդայի հետ ծանոթացել է համացանցի միջոցով:
2-3 օր վիրտուալ շփվելուց հետո հանդիպել են: Մասնավորապես՝ հանդիպել են իր բնակարանում: Իրենց մեջ կոնֆլիկտ է առաջացել այն պատճառով, որ Լիդան, իր հետ հանդիպելով, միաժամանակ շփվել է նաև այլ անձանց հետ: Դրա պատճառով հեռախոսային խոսակցության ժամանակ ինքը հայհոյել է Լիդային, նա էլ պատասխան հայհոյանք է տվել իր ծնողի հասցեին:
Դրանից հետո ինքը զանգել է Լիդային, նա չի պատասխանել, ավելին՝ անջատել է հեռախոսը:
Մեկ ամիս անց նորից է զանգել Լիդային ու պայմանավորվել են հանդիպել Խանջյան փողոցում գտնվող «Արմին» բարի մոտակայքում:
Ինքը գնացել է այնտեղ ու տեսել է, որ Լիդան սպասում է տաքսու մեջ նստած: Ինքը մոտեցել, բացել է տաքսու դուռը, նստել է մեքենա: Լիդային հարցրել է՝ ինչո՞ւ է իրեն նման ձևով պահում: Նա անսպասելի կերպով սկսել է գոռգոռալ: Ասել է, թե կդիմի ոստիկանություն: Ասել է նաև. «Թե տղա ես՝ խփի»:
Խորենը պնդել է, թե ինքը տաքսու մեջ միայն քաշքշել է Լիդային, չի հարվածել: Ինչ վերաբերում է տաքսու վարորդի ցուցմունքին՝ կապված Լիդային հարվածելու հետ, ապա վարորդն իրենց զրույցի ժամանակ ասել է, թե հայելու միջից տեսել է՝ ինչպես է ինքը քաշքշում Լիդային, բայց հաստատապես չի տեսել՝ ինքը հարվածե՞լ է նրան, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է Լիդայի ոտքի վնասվածքին, ամբաստանյալ Խորենը չի բացառել, որ Լիդան ոտքը պարզապես խփած լինի ինչ-որ տեղ, դրանից էլ արյունազեղում առաջացած կլինի:
Տուժող կինը՝ Լիդա Բ.-ն, հայտնել է, որ աշխատել է մերսման սրահում, իսկ ներկա դրությամբ ունի իր անհատական հաճախորդները, ովքեր համացանցի միջոցով զանգահարում են իրեն, պայմանավորվում են հանդիպել հյուրանոցում՝ մերսում կատարելու համար:
Իր հեռախոսահամարին մի օր զանգել է անծանոթ անձ ու մերսում կատարելու հարցով դիմել է իրեն: Պայմանավորվել են հանդիպել Խանջյան փողոցում՝ «Արմին» բարի մոտ: Ինքը գնացել է այնտեղ, հանդիպել է Խորեն անունով անձնավորությանը: Վերջինս առաջարկել է գնալ իր բնակարան՝ մերսում կատարելու համար, բայց ինքը մերժել է՝ պատճառաբանելով, որ սովորաբար ուրիշի բնակարանում մերսում չի կատարում: Բայց Խորենը համոզել է իրեն, բարձրացել են նրա բնակարան:
Բնակարանում ինքը մերսել է Խորենին: Երբ ցանկացել է հեռանալ, Խորենը անսպասելիորեն հայհոյել է իրեն, նույնիսկ ցանկացել է հարվածել: Ինքը մի կերպ հեռացել է նրա բնակարանից: Այդ օրը Խորենը մերսման գումարը չի վճարել:
Այդ դեպքից հետո ինքը Խորենի հեռախոսահամարը գցել է «սև ցուցակ»:
Այնուհետև մայիս ամսին իրեն զանգահարել է մի անձ, ասել է, որ մերսում է ցանկանում, մերսման համար կվճարի 25 հազար դրամ:
Ինքը համաձայնել է: Պայմանավորվել են հանդիպել Խանջյան փողոցում գործող «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ:
Ինքը տաքսիով գնացել է նշված հասցեով, նման հյուրանոց չի գտել: Զանգել է երիտասարդին, նա ասել է, որ մոտենան «Արմին» բարին: Հասնելով այդ բարին՝ ինքը բացել է տաքսու դուռը և մուտքի մոտ տեսել է Խորենին: Վերջինս անմիջապես նստել է մեքենա, հարձակվել է իր վրա ու սկսել է քաշքշել: Երկու անգամ հարվածել է իր գլխին, հայհոյել է, ապա ոտքով հարվածել է իր ոտքին ու հեռացել է: Հաջորդ օրն ինքը դիմել է ոստիկանություն:
Ըստ տուժողի՝ միջադեպին ականատես է եղել տաքսու վարորդը:
Տուժողը նշել է, որ քաղհայցի պահանջ չի ներկայացնում, սակայն ցանկանում է, որ իրեն ծեծած երիտասարդը ենթարկվի քրեական պատասխանատվության:
Տաքսու վարորդը դատարան չի ներկայացել, դատարանում հետազոտվել են նրա նախաքննական ցուցմունքները: Վարորդը նշել է, թե Լիդան իր մշտական հաճախորդներից է, նրա պատվերով դեպքի օրը մոտեցել է նրա շենքին: Լիդան նստել է մեքենա, ասել է, որ գնում է Խանջյան փողոց: Հասել են մանկավարժական համալսարանի մոտ: Լիդան զանգել է ինչ-որ մեկին: Հետո ասել է, որ մեքենան վարի մինչև «Արմին» բար: Այնտեղ մեքենա է նստել մի երիտասարդ, միանգամից սկսել է հայհոյել Լիդային, քաշքշել ու հարվածել է նրան՝ գլխին ու ոտքին: Ինքը խոսակցությունից լսել է, որ երիտասարդի անունը Խորեն է: Վերջինս բռունցքով խփել է Լիդայի գլխին, ոտքով էլ՝ նրա ոտքին: Ինքը պահանջել է, որ այդ տղան իջնի մեքենայից: Ապա Լիդային տուն է տարել: Լիդան շատ հուզված էր…
Այս ցուցմունքը տաքսու վարորդը պնդել է Խորենի հետ առերես հարցաքննության ժամանակ:
Ընդհանուր իրավասության դատարանը Խորեն Մ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով և դատապարտել է 50 հազար դրամ տուգանքի:
Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: