Փաշինյանի իշխանությունը քանդում է բանակը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎերջին օրերին հայ հանրությունը ցնցվեց Զինված ուժերի հետ կապված երկու միջադեպերով։ Նախ, հայտնի դարձավ, որ մարտական դիրքում երեք զինծառայողներ են սպանվել իսկ այդ փաստով ձերբակալվեց նրանց ծառայակիցը։ Մեկ այլ դեպքում էլ ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս էր եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել էր։ Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։
Հանրությունն արդարացիորեն հարց է բարձրացնում, թե ինչու է զինծառայողը մոլորվել սահմանամերձ հատվածներում, իսկ ադրբեջանցի զինծառայողների հետ նման դեպքեր չեն կատարվում։ Քաղաքագետ Անուշ Սեդրակյանն, օրինակ, այդ հանգամանքը բացատրում է այսպես։ Նրա խոսքով, մեր զինվորը կարծում է, որ դա դեռ մեր տարածքն է, մինչդեռ դե-ֆակտո դա արդեն հանձնված տարածք է, ուստի և «մոլորվում» է իրեն ծանոթ տեղանքում։ ԱԺ պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանն էլ տարակուսանք է հայտնում զինծառայողի մոլորվելու փաստով։
«Հետաքրքրական է, որ նույն եղանակային կամ վատ տեսանելիության պայմաններում ադրբեջանական զինծառայողները նույն այդ տեղանքում չեն անհետանում կամ գերեվարվում՝ սահմանագծի հայկական հատվածում չեն հայտնվում»,- նշել է նա և հավելել․ «Իշխանության տոտալ բացակայության ու անտարբերության պայմաններում, ցավոք, ինչպես այսպիսի, այնպես էլ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով գրանցվող միջադեպերի թիվն աճելու է»:
Իսկ Փաշինյանի գլխավորած իշխանությունը որևէ գործուն քայլ չի կատարում մոլորված զինծառայողներին վերադարձնելու, հայկական դիրքերն ամրապնդելու, զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ուստի և, առաջիկայում, ցավով արձանագրենք, ավելի շատ ենք լսելու ողբերգական նման դեպքերի մասին։
Բագրատ Գինոսյան