«Վայրի սիմֆոնիան» ամենապահանջվածն է
ՄՇԱԿՈՒՅԹ«Երևանյան բեսթսելեր» նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:
Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա»-ն առաջին տեղում է: Պատրա՞ստ ես խիզախ արկածների: Ճամփորդի՜ր ծառերի և ծովերի միջով Մաեստրո մկան և իր ընկերների ուղեկցությամբ: Ճանապարհին կհանդիպես մեծ կապույտ կետերի և վարազների, պստլիկ բզեզների և նրբագեղ կարապների: Բացահայտի՛ր ամեն մեկի թաքնված գաղտնիքը: Ճանապարհին կարող ես նկատել անակնկալներ, որ քեզ համար թողել է Մաեստրո մուկը. թաքնված բզզացող մեղու, խառը տառեր, որոնցից պետք է կազմես բանալի բառեր, և նույնիսկ թաքնված գաղտնաբառ, որը պետք է բացահայտես: «Նյու Յորք Թայմզ»-ի բեսթսելերային հեղինակ Դեն Բրաունը ստեղծել է իր անդրանիկ նկարազարդ գիրքը, որտեղ կգտնես խելացի, առեղծվածային, երաժշտական և բացառիկ զվարճալի պատմություններ:
Երկրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Երրորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:
Չորրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:
«Շունն ու կատուն» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Վեցերորդ հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:
Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը յոթերորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների և փազլի միջոցով:
Ութերորդ հորիզոնականում է Կառլո Կոլլոդիի «Պինոկիո»-ն: Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:
Իններորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
Տասներորդ տեղում է Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուն: Ամեն տեսակ զարմանալի իրադարձությունների ու կերպարների մասին այնպես է պատմվում, ասես շատ սովորական բաների մասին է. Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդությունները անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղյակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ: Իրական կյանքի ամենալուրջ խնդիրների մասին Ջաննի Ռոդարին խոսում է՝ հմտորեն փոխակերպելով դրանք անհավանական մտացածին պատմությունների և միահյուսում իր թեթև ու նրբամիտ հումորի հետ: