Իշխանությունները և մենք ապրում ենք տարբեր Հայաստանում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱրդեն բազմաթիվ անգամներ համոզվել ենք, որ այսօրվա իշխանությունների ներկայացրած Հայաստանը իրական Հայաստանի հետ որևէ կապ չունի։ Երբ խոսում ենք տնտեսությունից, իշխանական թևի ներկայացուցիչները խոսում են երկնիշ ցուցանիշների, ներդրումային աշխարհում կուտակված հերթերի մասին, որոնք փաստացի իրականության հետ որևէ աղերս չունեն։
Պաշտոնական վիճակագրության համաձայն այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում ունեցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 5,2 տոկոս աճ։ Վերջերս էլ շատ բուռն քննարկվում է այն, որ Հայաստանում բավականին մեծ շինաշխատանքներ են իրականացվում։
Ըստ վիճակագրության այս տարվա հունվար-հուլիս ամիսներին այն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ աճել է 8.8 տոկոսով: Այստեղ հատկանշական է մի շատ կարևոր հանգամանք․ 2020թ․ հունվար-հուլիսին շինարարությունը 2019-ի նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել էր 22.6 տոկոսով: Իրականում բարձրագույն մաթեմատիկա պետք չէ հասկանալու համար, որ 22.6 տոկոսանոց անկումից հետո արձանագրվող 8.8 տոկոսանոց աճը բավարար չէ 2019-ին ունեցած ցուցանիշին հասնելու համար: Վիճակագրությունը տոկոսներով համադրելու համար շինարարության ծավալը հաշվարկում է նաև դրամով: Ուստի նախ՝ ծանոթանանք պաշտոնական թվերին: 2019թ․ հունվար-հուլիսին մեր երկրում կատարված շինարարության ծավալը կազմել է 166 մլրդ 784.2 մլն դրամ գումար: 2020-ի առաջին յոթ ամիսներին կատարվել էր 137 մլրդ 567,7 մլն դրամի շինարարություն: Այս տարվա թիվը, իհարկե, մեծ է նախորդ տարվանինից, բայց փոքր է նախանցած տարվա ցուցանիշից:
Այս տարվա հունվար-հուլիսին կատարվել է 160 մլրդ 599.8 մլն դրամի շինարարություն: Այսինքն՝ եթե նույնիսկ հաշվի չառնենք շինարարության ոլորտի ապրանքների գնաճը, ապա միևնույն է՝ այս տարի ուղիղ 6 մլրդ 184.4 մլն դրամի պակաս շինարարություն է կատարվել՝ նախանցած տարվա համեմատ: Հարկ է նշել, որ 2020թ․ շինարարության գների ինդեքսը մեր երկրում 8.7 տոկոս էր: Իսկ շինմոնտաժային աշխատանքների գների ինդեքսը՝ 7.8 տոկոս: Եվ չնայած որ իշխանությունները պարբերաբար խոսում են տնտեսական վերելքների մասին և խոստանում են երկնիշ թվով տնտեսական աճ, վիճակագրությունը ապացուցում է լրիվ հակառակը։ Հետաքրքիր է՝ իշխանություններն ե՞ն ապրում իրականությունից կտրված, թե՞ ժողովրդին են փորձում խաբել իրական իրավիճակը խեղաթյուրելով։
Սոնա Գիշյան