Արդեն պարզ է, որ հայկական շուկան նոր ուժով կլցվի թուրքական ապրանքներով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԷկոնոմիկայի նախարարությունը e-draft.am կայքում քննարկման է դրել մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ մտցնել «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» որոշման մեջ: Հիշեցնենք՝ թուրքական վերջնական սպառման ապրանքների ներկրման արգելքն ուժի մեջ մտավ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից՝ 6 ամսով, այն ևս այդքան երկարաձգվեց 2021-ի հունիսին: Նախագծի ընդունման դեպքում արգելված ապրանքների ցանկից կհանվեն այն ապրանքատեսակները, որոնք թեպետ հանդիսանում են պատրաստի ապրանք, սակայն մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրվող արտադրանքի համար համարվում են հումք կամ միջանկյալ արտադրանք, և որոնց ձեռքբերումը այլընտրանքային շուկաներից գրեթե անհնարին է՝ հաշվի առնելով լոգիստիկ շղթան և գին-որակ համադրությունը։ Նախագծով «արգելքը չի տարածվում նաև որոշ ապրանքների միայն մեկ խմբաքանակի ներմուծման վրա, ինչը կնպաստի մի շարք խոշոր հարկատու տնտեսվարողների գործունեության բնականոն աշխատանքի շարունակականությանը՝ մինչև վերջիններիս կողմից այլընտրանքային շուկայի փոփոխության կամ ներքին արտադրության կազմակերպման գործընթացների ավարտը»։
Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։
Հարցին, թե արդյոք այս ընթացքում հնարավո՞ր չէր գտնել թուրքականին փոխարինող շուկաներ տնտեսագետը պատասխանել է․ «Նախ եկեք հասկանանք, թե առհասարակ այդ ուղղությամբ ի՞նչ արեցին, որ չգտան, ի՞նչ ծրագիր իրականացրին թուրքականի փոխարինման, այլ շուկաներից ներկրման իմաստով: Մեզ համար ամենացանկալի նպատակադրումը պետք է լիներ, որ տեղական արտադրանքն ամբողջությամբ փոխարիներ թուրքականին, և երկրորդը, որ այլ շուկաներից իրականացվեր ներկրում՝ որպես փոխարինում թուրքական ապրանքների ներկրմանը: Ըստ էության, այդ մասին նույնիսկ բավականաչափ քննարկումներ չեղան, ակնհայտ է, որ տնտեսվարողները մնացին մեն-մենակ՝ առանց պետական անհրաժեշտ աջակցության, և, բնականաբար, ի սկզբանե արդեն պարզ էր, որ այդպես է լինելու: Դա ընդամենը օրվա իշխանությունների տվյալ պահին քաղաքական շահից բխող գործողություն դարձավ՝ հիմնված հանրային ընդհանուր տեսակետների վրա, և առաջին իսկ պահից էլ պարզ էր, որ փաստացի առանց հստակ ծրագրի դա դառնալու է ժամանակավոր, և, ըստ էության, մի պահի նորից վերադառնալու էին: Թուրքիայի հետ քիրվայության մեկնարկի ընդհանուր ֆոնին նաև, կարծում եմ, որոշակիորեն պարզ է դառնում, որ մոտ ապագայում այդ սահմանափակումներն էլ կհանեն, և ընդհանուր առմամբ այս անգամ արդեն նոր ուժով հայկական շուկան կլցվի թուրքական ապրանքներով: Հնարավորություններ, այո, կային: Ես առիթ ունեցել եմ ժամանակին ասելու, որ հենց այդ նույն թուրքական ապրանքների մի մասը, որոնք որ ներկրվում են, հիմնականում հագուստ, կոշկեղեն և այլն, դրանց և՛ հումքը, և՛ սարքավորումները չինական էին, և չինական շուկայից էին ներկրվում, շատ հանգիստ նույնը կարող էր կազմակերպել նաև Հայաստանը: Ունենք այն, ինչ ունենք, սա է փաստը»։
Սոնա Գիշյան