Շրջանառության մեջ է դրվել երկու նամականիշով գեղաթերթիկ «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմայով
ՄՇԱԿՈՒՅԹ2021 թվականի սեպտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի անվան թանգարանում մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշով գեղաթերթիկ «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմայով: Այս մասին տեղեկացնում է «ՀայՓոստը»:
Մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի պետի Ծովինար Գալստյանը, ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
940 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (XIX դ.), իսկ 950 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ հրթիռակոծված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի կողմից:
Գեղաթերթիկի ձախ հատվածում պատկերված է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մինչև ռմբակոծումը, ինչպես նաև՝ եկեղեցու հրեշտակ քանդակներից մեկը: Գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ռմբակոծվող Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ինչպես նաև՝ անօդաչու թռչող սարք:
Թողարկման օրը` 14 սեպտեմբերի 2021թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 105,0 x 70,0 մմ
Տպաքանակը՝ 25 000 հ.