Թուրքիան գազային նոր պայմանագրեր է քննարկում պաշտոնական Մոսկվայի և Բաքվի հետ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԹուրքիան Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հետ նոր գազային պայմանագրեր է քննարկում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Gastech համաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է Թուրքիայի էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը:
Թուրք փոխնախարարը նշել է, որ կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին Թուրքիայում բնական գազի սպառումը կգերազանցի 60 միլիարդ խորանարդ մետրը:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սպառումը մեծացել է, քանի որ վերականգնվող էներգիայի աղբյուրները սկսել են զգալի դեր խաղալ, և արդյունքում գազի սպառումը փոքր-ինչ նվազել է: Այս տարի մենք տեսնում ենք, որ գազի սպառումն աճում է: Գազի բարձր գները ազդում են էներգառեսուրսների մատակարարումների վրա: Անցյալ տարի մենք կարողացանք ավելի շատ LNG (15 միլիարդ խորանարդ մետր) ստանալ, քանի որ մրցունակ գներ կային, այս տարի, իսկապես, դժվար կլինի: Բայց մենք նոր պայմանագրերի և ծավալների վերաբերյալ բանակցություններ ենք վարում մեր ներկայիս մատակարարների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը և Ռուսաստան: Բանակցությունները լավ են ընթանում»,- նշել է նա: