Մոսկվան և Երևանը ստեղծում են ազգային արժույթներով առևտրի նոր ուղիներ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆriafan.ru-ն գրում է, որ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ազգային արժույթներով առևտուրը ստանում է ընդլայնված հնարավորություններ: Ռուսական և հայկական ընկերությունները կկարողանան իրենց հաշվարկներում ավելի ակտիվ օգտագործել ռուբլին և դրամը: Այդ մասին Երևանում կայացած գործարար-համաժողովի ժամանակ լրագրողներին պատմել է Ռուսական արտահանման կենտրոնի գլխավոր տնօրեն Վերոնիկա Նիկիշինան: Նա ընդգծել է, որ հայկական դրամի և ռուսական ռուբլու օգտագործումը կնվազեցնի այն ռիսկերը, որոնք բխում են այլ պետությունների արտարժույթների անկայունությունից:
Արտահանման կենտրոնի ներկայացուցիչը նշել է, որ թե՛ Ռուսաստանը, և թե՛ Հայաստանը արդեն նախանշել են անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման որոշ գաղափարներ: Օրինակ, մի շարք վարկային ընկերություններ բացել են «Լորո» հատուկ թղթակցային հաշիվներ, որոնք աշխատում են նաև ռուբլով: Ամռան սկզբին Եվրասիական զարգացման բանկը նշել էր, որ պատրաստվում է հայկական դրամով պարտատոմսեր թողարկել շուկա ազգային արժույթով իրացվելիության աստիճանը բարձրացնելու նպատակով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը