Պուտինի ուշագրավ ակնարկները Էրդողանին․ ի՞նչ է սպասվում Հայաստանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԹուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը երեկ գրեթե 3 ժամ դեմ առ դեմ, միայն թարգմանիչների մասնակցությամբ բանակցություններ են վարել Սոչիում։ Օրակարգում բազմաթիվ կարևոր հարցեր են եղել՝ երկկողմ հարաբերություններին վերաբերող։ Անդրադարձել են նաև Հարավային Կովկասի ճակատագրին։ Այցից առաջ Էրդողանը հրապարակավ հայտարարել էր, որ մտադիր է քննարկել Պուտինի հետ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը, ընդգծելով, որ առաջընթացի համար Հայաստանը պետք է տեսանելի քայլեր ձեռնարկի, այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» բացման ուղղությամբ։ Ռուսաստանի նախագահը, իդեպ, որևէ բառ չի արտաբերել Լեռնային Ղարաբաղի անունը, սակայն բավականին ուշագրավ մի միտք է հայտնել, որը կարող է ուղենշային լինել։
Խոսելով Արցախի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի մասին՝ Պուտինը ասել է. «Արդյունավետ գործում է կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը հայ-ադրբեջանական սահմանին»։
Ընդսմին լեզվի սայթաքո՞ւմ է, թե՞ միտումնավոր ասած խոսք, դժվար է ասել։ Դժվար թե Ռուսաստանի նախագահը հազար անգամ չափած ու ձևած չլիներ իր խոսքը։ Ըստ էության, արձանագրելով, թե կենտրոնի ակտիվ գործունեությունը կայունության և հակամարտող կողմերի հնարավոր հաշտեցման լրջագույն երաշխիք է, Պուտինը նաև սրանով որոշակի մեսիջներ է հղում նաև Թուրքիային։ Հանդիպումից հետո ո՛չ Էրդողանը, ո՛չ Պուտինը լրագրողների համար հայտարարություններով հանդես չեն եկել։ 3 ժամ բանակցություններից հետո Էրդողանը անմիջապես հեռացել է Սոչիից՝ այդ մասին համապատասխան գրառում արել տելեգրամի իր ալիքում։ Իսկ ռուս-թուրքական հանդիպման հետևանքները հայտնի կդառնան առաջիկայում, երբ պարզորոշ նշմարվեն, թե ինչ են իրար հետ խոսել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Ամեն դեպքում ցանկացած զարգացում էլ Հայաստանի համար լրջագույն վտանգ է ներկայացնում, որովհետև Հայաստանի իշխանությունները երկիրը դարձրել են մանրադրամ և վարվում են այնպես, ինչպես որևէ պետություն չէր կարող վարվել թշնամական երկրի հետ։ Եվ Հայաստանը ստիպված է մնալ գերտերությունների ու տարածաշրջանային հզոր պետությունների քմհաճույքին և ցանկություններին։
Նորայր Հակոբյան