Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 25-ին մայրաքաղաքում վերսկսված ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են ինչպես ողջ օրվա ընթացքում, այնպես էլ դեկտեմբերի լույս 26-ի գիշերը: Հատկապես գիշերային ժամերին գործընթացն իրականացվել է տեղացող ձյան պայմաններում:
Հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ըստ անհրաժեշտության` «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով մաքրվել և աղի ու ավազի խառնուրդով մշակվել են մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները: Աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են և կընթանան ողջ օրվա ընթացքում:
Զուգահեռաբար մաքրվում են կանգառասրահների տարածքները, մայթերը, հետիոտնային ստորգետնյա և վերգետնյա անցումները: Գործընթացում ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները:
Աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի աշխատակիցները: Առավոտյան մայրաքաղաքի բոլոր փողոցները եղել են լիարժեք երթևեկելի: Մայրաքաղաքի կոմունալ ծառայություններն աշխատում են շուրջօրյա ժամանակացույցով: