Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությունում գործել է կոռուպցիոն սխեմա. Կաշառք ստանալու համար 2 պետ է ձերբակալվել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Ա.Ս.-ն եւ նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Ա.Պ.-ն:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձեւավորվել եւ տեւական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ եւ դրանք փոխանցել իրենց վերադասներին:
Մասնավորապես, բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան փորձաքննություններ, քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ: Այնուհետեւ, ապօրինի եւ համակարգային բնույթ կրող եղանակով գոյացած գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջեւ, իսկ մի մասն էլ՝ թողտվության համար պարբերաբար հանձնել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին:
Գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքագրված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2.547.000 ՀՀ դրամ եւ 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված։
Պարզվել է, որ վերոնշյալ կոռուպցիոն շղթայում ներգրավված է եղել բժշկասոցիալական փորձաքննական մարզային առնվազն ինը, Երեւան քաղաքի երկու հանձնաժողովի նախագահ, ինչպես նաեւ վերափորձաքննության բաժնի պետը:
Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը):
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն սխեմային ենթադրյալ առնչություն ունեցող այլ անձանց բացահայտելու եւ նրանց գործողություններին պատշաճ իրավական գնահատական տալու ուղղությամբ։