Տնտեսությունը առաջ գնալու փոխարեն նահանջում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՏարեվերջին ընդառաջ տնտեսությունը առաջ գնալու փոխարեն հետ է գնում։ Չնայած, որ Էկոնոմիկայի նախարարը կանխատեսել էր երկնիշ տնտեսական աճ, սակայն թվերը ցույց են տալիս, որ նրա կանխատեսումները որևէ կերպ չեն կարող կատարվել։ Վերջին երկու ամիսներին տնտեսական ակտիվությունը նահանջել է և ութ ամսվա արդյունքով այն կազմել է 4,9 տոկոս, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվությունը իջավ հասնելով 4,4 տոկոսի։ Տարեսկզբի 7 ամիսների տնտեսական ակտիվությունը 5,2 տոկոս էր, իսկ երկու ամսում այն 0,8 տոկոսով նվազեց։ Էկոնոմիկայի նախարարը փորձելով արդարացնել գյուղատնտեսության նախարարության փակումը հայտարարել էր, որ տարվա կեսին գյուղատնտեսության ոլորտը զարգանում է․
«Այս տարի այդ ոլորտում տպավորիչ աճ ենք ակնկալում, քանի որ 2019թ. մեկնարկած ծրագրերն արդեն «պտուղներ» են տալիս»,- ասել էր Վահան Քերոբյանը, սակայն պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախարարը իր հայտարարության պատճառով զավեշտալի իրավիճակում է հայտնվել։ Նախարարի խոստացած «Տպավորիչ աճերի» փոխարեն՝ գյուղատնտեսության ոլորտում անկում է արձանագրվել։ Ինն ամսվա տվյալներով՝ արտադրության ծավալները նվազել են 1,5 տոկոսով։ Սա է կառավարության իրականացրած ծրագրերի տված «տպավորիչ աճը»։ Պետական բյուջեից հսկայական գումարներ են հատկացրել ոլորտի սուբսիդավորման համար, ինչ-որ ծրագրեր են իրականացրել՝ կրկին բյուջեի սուբսիդավորմամբ և ահա արդյունքը։ Գյուղատնտեսությունը շարունակում է անկումային լինել ու դա նշանակում է, որ այդ գումարները չեն ծառայում իրենց նպատակին։ Միջոցները գնում-կորում են, իսկ արդյունք չկա։ Այնպես չէ, որ անցած տարի գյուղատնտեսությունը լավ վիճակում էր։
Անցած տարի էլ ոլորտն անկումային էր։ Սա դարձել է անընդհատ պրոցես տնտեսության այս հատվածի համար։ Արդեն տևական ժամանակ է, ինչ չի հաջողվում գյուղատնտեսությունը դուրս բերել անկումային իրավիճակից։ Էկոնոմիկայի նախարարի հույսերը՝ այս տարի սպասվող «տպավորիչ աճերի» վերաբերյալ, կրկին գրվում են սառույցին։ Ինչքան տնտեսությունն է երկնիշ աճում, այնքան էլ գյուղատնտեսությունն է «տպավորիչ աճ» գրանցում։ Առաջ գնալու փոխարեն՝ մեր տնտեսության ակտիվությունը կրկին սկսել է հետ գնալ։
Զարմանալի է, որ այդ պայմաններում կառավարությունը բարձրացրել է այս տարվա տնտեսական աճի իր կանխատեսումը՝ հաջորդ տարվա պետական բյուջեով ամրագրելով 6,5 տոկոս։ Թե ինչի՞ վրա է կառավարության հույսը, դժվար է ասել։ Բայց այն փոփոխությունները, որ վերջին ամիսներին տեսնում ենք մեր տնտեսական ցուցանիշներում, լավատեսության հիմքեր բոլորովին չեն տալիս։ Առավել ևս, որ առաջիկայում դեռ կարող ենք բախվել նոր խնդիրների՝ կապված Քովիդի հետ։ Որոշ երկրներ կրկին լոքդաունի տարրեր են սկսել կիրառել։ Չի բացառվում, որ առաջիկայում դրանք ավելի ընդլայնվեն։ Այդ երկրներից է նաև մեր առևտրային հիմնական գործընկերներից մեկը՝ ի դեմս Ռուսաստանի։
ՌԴ-ի հետ հարաբերությունները միշտ էլ էական ազդեցություն են թողել Հայաստանի տնտեսության վրա։ Եթե համավարակի հետ կապված զարգացումները գնան հոռետեսական սցենարով, ապա այս անգամ ևս հազիվ թե հաջողվի խուսափել տնտեսական հետևանքներից։ Թեև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հակված չէ Հայաստանի տնտեսությունը ևս մեկ անգամ դնել լոքդաունի հարվածի տակ, այնուհանդերձ որոշ սահմանափակումներ արդեն կիրառվում են ու դրանք ևս տնտեսության օգտին չեն։ Առանց այդ էլ տնտեսական իրավիճակը գնում է ոչ ցանկալի սցենարով։ Անցած տարվա 9 ամիսներին արձանագրված 6,6 տոկոս տնտեսական ակտիվության անկումից հետո, այս տարվա նույն ժամանակահատվածում պաշտոնական վիճակագրությունն ամրագրել է տնտեսական ակտիվության ընդամենը 4,4 տոկոս աճ։ Ավելի քիչ, քան անցած տարվա անկումը։ Ինն ամսվա տվյալներով՝ անկում է գրանցվել գյուղատնտեսության և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում։ Փոքր աճ դեռևս պահպանվում է արդյունաբերության մեջ, բայց վերջին ամիսներին աճի տեմպը տնտեսության այս առանցքային ոլորտում գնալով կրճատվում է։ Եթե 7 ամսում այն կազմել էր 2,1, 8 ամսում՝ 1 տոկոս, ապա 9 ամսվա արդյունքներով իջել է 0,7 տոկոսի։ Սեպտեմբերին նախորդ սեպտեմբերի համեմատ արդյունաբերությունը կրկին անկումային է եղել։ Թեև այնպես չէ, որ տնտեսության մյուս ոլորտներում անցած տարվա ճգնաժամային իրավիճակից հետո գործերը լավ են։ Ընդամենը 2,4 տոկոս ակտիվության աճ է գրանցվել ամբողջ տնտեսության մեջ՝ անցած տարվա սեպտեմբերի 7,5 տոկոս նվազման ֆոնին։ Շինարարությունը ևս մտահոգիչ վիճակում է։ Աճի տեմպը գնալով կրճատվում է։ Ինն ամսվա տվյալներով՝ այն կազմել է 6,4 տոկոս՝ նախորդ տարվա գրեթե 16 տոկոս նվազումից հետո։ Շինարարության աճն առաջին կիսամյակում հասնում էր գրեթե 11 տոկոսի, իսկ հունվար-ապրիլին նույնիսկ մոտ էր 20 տոկոսին։ Աճի տեմպը վերջին 5 ամիսներին ընկել է ավելի քան 3 անգամ։ Ի դեպ, այստեղ էլ էկոնոմիկայի նախարարի կանխատեսումները մնացին որպես բարի ցանկություններ։ Տարվա սկզբին նա հայտարարում էր, թե Հայաստանը վերածվել է մեծ շինհրապարակի։ Սեպտեմբերը բարեհաջող չի եղել նաև արտահանման համար։ Արտահանումը նվազել է՝ ինչպես նախորդ ամսվա, այնպես էլ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Մի դեպքում անկումը կազմել է՝ 16, մյուս դեպքում՝ 11,5 տոկոս։ Դրա հետևանքով 9 ամսվա արտահանման ցուցանիշը ևս վատացել է։
Ահա այսպիսի տեմպերով է վերականգնվում մեր տնտեսությունը։ Վերականգնման տեմպն անհամեմատ ավելի ցածր է, քան անցած տարվա անկումը։ Ավելին, պաշտոնական վիճակագրության վերջին ամիսների ցուցանիշները վկայում են, որ մեր տնտեսության վերականգնման դինամիկան արագանալու փոխարեն՝ գնալով դանդաղում է։ Չենք կարողանում բարձր աճ ապահովել՝ անգամ նախորդ տարվա խորը անկման նկատմամբ։ Իշխանություններն ավելի շատ խոսում են, քան գործ անում։ Արդյունքը ահա սա է։ Զարմանալի չէ, որ մեր տնտեսության վերականգնման ընթացքը անհամեմատ դանդաղ է նաև հարևանների նկատմամբ։ Օրինակ՝ Վրաստանում տնտեսական աճի տեմպը գրեթե 3 անգամ ավելի բարձր է, քան մերը։
Սոնա Գիշյան