Ի՞նչ դիտել արձակուրդին. 30 ֆիլմ` կինոքննադատներից
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Ոչ մի բանի մասին է», – ասում ենք մենք, երբ դիտած ֆիլմը դատարկ է թվում: Սակայն պատահում է, որ «ոչ մի բանն» ու «ամեն ինչը», ըստ էության, դառնում են հոմանիշներ: Վերջ ի վերջո, ինչի՞ մասին են Ռիլկեի կամ Լորկայի բանաստեղծությունները: Դժվար է ասել: Երբեմն դրանք, ասես, ուղղակի «բառակույտեր» լինեն: Բայց, փաստորեն, մի բան կա այդ բառերի շարադասության, հաջորդականության մեջ, շատ խորը մի բան, եթե մարդիկ տասնամյակներ անց հրաժարվում են մոռանալ դրանք: Այդպես էլ թվարկվող ֆիլմերն առաջին հայացքից կարող են անիմաստ, անհետևանք ու ամենակարևորը՝ ձանձրալի թվալ, բայց եթե «կկոցենք աչքերը», գուցե այս «կադրակույտերի» մեջ էլ մի բան նշմարենք:
«ՀՈԼԻ ՄՈԹՈՐՍ» (անգլ.՝ Holy Motors)
Ռեժ.՝ Լեոս Կարաքս, 2012
Բազմամյա դադարից հետո Ֆրանսիայի ամենայուրատիպ ռեժիսոր Լեոս Կարաքսը 2012-ին վերադարձավ կինոարվեստ՝ մարդկությանը ներկայացնելով իր «Հոլի մոթորսը», որի մասին բանավեճերը չեն դադարում առ այսօր: Ֆիլմի բազմադեմ հերոսը ճամփորդում է տնից տուն, գործից գործ: Մեկ նա միլիոնատեր պարոն Օսկարն է, մեկ զմայլվում է տանիքի վրա երգող չքնաղ Քայլի Մինոուգով, մեկ էլ՝ «ընտանիք» է վերադառնում շիմպանզե կնոջ և երեխաների մոտ: Ֆիլմի ամենաառաջին կադրում հենց ինքն է՝ Լեոս Կարաքսը, ով ճեղքում է իր բնակարանի պատը և հայտնվում լեփ-լեցուն կինոթատրոնում, որի էկրանին ցուցադրվում է հենց այս ֆիլմը: Վերջինս էլ, ըստ էության, հայելին է ժամանակակից աշխարհի աբսուրդի, երբ չգիտես՝ ճիշտը ստից ոնց տարբերել, ինչն է իրական, և ինչը՝ պատճեն և դրանցից որն է ավելի կարևոր: Այդուամենայնիվ, իհարկե, դժվար է ռացիոնալ բացատրություն գտնել, թե կոնկրետ ինչու է հերոսը եկեղեցում հանկարծակի սկսում ակորդեոն նվագել կամ առավել ևս՝ համբուրում կապիկին…
«ԼԻՎԵՐՊՈՒԼ» (անգլ.՝ Liverpool)
Ռեժ.՝ Լիսանդրո Ալոնսո, 2008
Չնայած վերնագրին՝ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում անգլիական քաղաքից մեկ օվկիանոս հեռու՝ հարավամերիկյան Հրո երկրում: «Անառակ որդին»` նավաստի Ֆարելն, իջնում է ցամաք և ճամփա ընկնում բազում տարիներ առաջ լքած հարազատ գյուղ: Եվ ֆիլմը ցույց է տալիս այդ ճամփորդության յուրաքանչյուր քայլը: Ակնհայտ է, որ մի ահռելի, սրտառուչ դրամա է ծավալվում այստեղ: Բայց ռեժիսոր Լիսանդրո Ալոնսոն Հրո երկրի ձյունածածկ սառը տեղանքների պես սառնասիրտ է, ավելի ճիշտ՝ հետևողական և համբերատար: Նրա կինոխցիկի առաջ հերոսներն ընդամենը մի քանի թռուցիկ նախադասություն են փոխանակում և ներկայանում են հիմնականում միջին պլանով՝ պահպանելով հեռավորությունը` ասես վախենալով բացվել: Այդ է պատճառը, որ ֆիլմի վերջին կադրը՝ առաջին խոշոր պլանը, անհասկանալի խորը զգացմունքային հետք է թողնում:
«ԵԶԵՐՔԸ» (պորտ.՝ Limite)
Ռեժ.՝ Մարիո Պեյշոտու, 1931
Անցել է 85 տարի, բայց համր «Եզերքը» մինչև օրս համարվում է բրազիլական կինոյի անհասանելի գագաթներից: Սա երկարակյաց գրող Մարիո Պեյշոտուի միակ գործն է կինոյում, որտեղ 2 կին և 1 տղամարդ անորոշ պատճառներով հայտնվում են փոքրիկ նավակի մեջ: Ծովը լուռ է, իսկ հորիզոնում ցամաք չկա: Հերոսներն էլ նստած` ասես սպասում են մահվան: Այդպես էլ չենք իմանում՝ որն էր նրանց հանցանքը՝ չնայած ծավալուն ֆլեշբեքերում տեսնում ենք ցաքուցրիվ դրվագներ նրանց անցած կյանքից: Անկախ սրանից՝ հերոսների տվայտանքները միանգամայն հասկանալի են՝ շնորհիվ կինոխցիկի լիաթոք խենթության հասնող ազատությանը, արտահայտիչ խոշոր պլաներին և ռեժիսորի պոետիկ ու նրբանկատ աշխարհընկալմանը: Կինոխցիկն, իրոք, ասես Պեյշոտուի գրիչը լինի, ավելի ճիշտ՝ վրձինը, որով նա ցայտուն պատկերում է իրենց եզերքին հասցված մարդկանց հոգեվիճակները:
«ԽԵՆԹՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԷՋ» (ճապ.՝ 狂った一頁)
Ռեժ.՝ Տեյնոսուկե Կինուգասա, 1926
Սա դերասանական արվեստից՝ կինոռեժիսուրա գաղթած Տեյնոսուկե Կինուգասայի երկրորդ ֆիլմն էր և գուցե ճապոնական կինոյի առաջին իսկական գլուխգործոցը: Ծերուկն ընդունվում է հոգեբուժարան՝ որպես հավաքարար, որպեսզի մոտ լինի հիվանդ կնոջը: Կարող եք պատկերացնել` ինչեր են կատարվում 1920-ականների ճապոնական հոգեբուժարանում, որտեղ հիվանդներն ազատ են շրջելու հաստատության տարածքով: Ֆիլմը նույնքան խենթ է՝ մոնտաժված է իմպրեսիոնիստական վրձնահարվածներով, երբ ցանկացած մանրուքից կարող է բոլորովին նոր խենթ տեսարան ծնվել, ընդ որում՝ պարզ չի՝ հիշողությո՞ւն է սա, երա՞զ, թե՞ մոլագարի պատրանք: 1971թ.-ին ռեժիսորն իր պահոցում հայտնաբերեց այս ֆիլմի վերջին պահպանված ժապավենը. կինոնկարը շուրջ 45 տարի համարվում էր անհետ կորած: Սակայն վերաթողարկման ժամանակ Կինուգասան որոշեց հանել բոլոր տիտրերն այս համր ֆիլմից՝ դարձնելով այն ավելի տարօրինակ, ավելի սարսափազդու և էլ ավելի անհասկանալի:
«ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԲԱԼԵՏ» (ֆրանս.՝ Ballet Mécanique)
Ռեժ.՝ Ֆերնան Լեժե և Դադլի Մըրֆի, 1924
Նույնիսկ ամենահեղինակավոր կինոտեսաբան Ջիգֆրիդ Կրակաուերն էր քննադատում ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ Ֆերնան Լեժեի ու ամերիկացի կինոռեժիսոր Դադլի Մըրֆիի համատեղ ավանգարդիստական «Մեխանիկական բալետ» կարճամետրաժը՝ դատարկաբանության և անհեթեթության համար: Սակայն «Մեխանիկական բալետը» պատահական դատարկաբանություն չէ: Արագացող ու դանդաղող ռիթմերը, կրկնողությունները, իրական ու մուլտիպլիկացիոն պատկերների համադրությունները գուցե ռացիոնալ չեն, բայց պատահական էլ չեն: Լեժեն և Մըրֆին որսացել են բնության, կենցաղային առարկաների, մարդկային ցաքուցրիվ շարժումների էներգիան և ժապավենի միջոցով վիզուալացրել դրանց՝ անզեն աչքով չերևացող ռիթմերը: Մի՞թե սա «շարժվող պատկերների» արվեստի սպեցիֆիկայից դուրս է:
«ԺԱՆՆԱ ԴԻԼՄԱՆ, ԿՈՄԵՐՑԻԱՅԻ ՊՈՂՈՏԱ 23, ԲՐՅՈՒՍԵԼ 1080» (ֆրանս.՝ Jeanne Dielman, 23, Quai du Commerce, 1080 Bruxelles)
Ռեժ.՝ Շանտալ Ակերման, 1975
Ֆիլմի ծավալուն վերնագիրը համահունչ է նրա տևողությանը՝ շուրջ 3 ու կես ժամ: «Ահագին» բան է կատարվում այդ 200 րոպեների ընթացքում: Հերոսուհին արթնանում է, սնունդ պատրաստում, ճաշում երիտասարդ որդու հետ, լվացք է անում, փողով քնում է տղամարդկանց հետ, գնում է անկյունի սրճարանը սրճելու, քնելուց առաջ զրուցում որդու հետ, պառկում է քնելու, քնում է: Եվ այդպես մի քանի անգամ: Կենդանիները բնազդաբար ինքնապաշտպանվում են կամ զգում, որ կենակցելու ժամն է, իսկ վերոնշյալ գործողություններն ասես մարդ-արարածի բնազդն են դարձել. այդ աստիճան մեխանիկորեն ու անզգա է հերոսուհին դրանք կատարում: Շատերս սա չենք նկատում, իսկ նշանավոր բելգիացի ռեժիսոր Շանտալ Ակերմանը շոշափել և փոխանցել է սա ժապավենին ընդամենը 25 տարեկանում: Թերևս, ֆիլմի ամենալարված և աշխույժ տեսարանն այն է, երբ հերոսուհին, խոհանոցում նստած, մի քանի րոպե շարունակ չի կարողանում գտնել սուրճի և կաթի ճիշտ համադրությունը մեկ բաժակում:
«ԹՈՒՐԻՆՅԱՆ ՁԻՆ» (հունգ.՝ A torinói ló)
Ռեժ.՝ Բելա Տար, Ագնեշ Խրանիցկի, 2011
Հայտնի չէ, թե երբ, հայտնի չէ, թե որտեղ՝ քարե դեմքով կառապանը վարում է ձին ուղիղ էկրանից դուրս՝ ասես թողնելով մեզ ահարկու կենդանու սմբակների տակ: Կտրելով, անցնելով ավելի սև, քան սպիտակ տեղանքները՝ կառապանը հասնում է աշխարհից մեկուսացած իր տուն՝ դստեր մոտ: Իրենք գրեթե չեն շփվում, ընդհանրապես չեն ժպտում: Ուղղակի մեխանիկորեն կատարում են օրվա գործողությունները՝ գոյատևելու համար: Ունայնության մեծ երգիչ, հունգարացի ռեժիսոր Բելա Տարը պրեմիերայից առաջ հայտարարեց, որ «Թուրինյան ձին» լինելու է իր վերջին ֆիլմը: Եվ ինչպե՞ս ավելի լավ լքել ֆիլմարվեստը, քան պատկերելով (ոչ ավել, ոչ պակաս) աշխարհի թե՛ ֆիզիկական, թե՛ փոխաբերական վերջը:
«ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ»
Ռեժ.՝ Արտավազդ Փելեշյան, 1975
Ինչի՞ մասին կլիներ Փելեշյանի «Տարվա եղանակներում» գառներին գրկած, սարից վայր սլացող հովիվների վավերագրական կադրը, եթե ռեժիսորն այն ցույց տար մի անգամ… Հովիվների չարքաշ կյանքի մասին: Իսկ ինչի՞ մասին է այն, երբ Ֆերնան Լեժեի օրինակով՝ Փելեշյանը մի քանի անգամ իրար վրա կրկնում է այդ կադրը, իսկ արանքը մտցնում բնության և մարդու համակեցության ահեղ պատկերներ… Մեզանից յուրաքանչյուրը մի բանաստեղծություն կամ պոեմ կարող է գրել այս մասին: Մեր այս բանաստեղծություններից բոլորն էլ ճիշտ կլինեն, բայց միևնույն ժամանակ՝ ոչ բավարար:
«ԻՄ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՑ ՉԷ» (իսպ.՝ Mi reino no es de este mundo)
Ռեժ.՝ Տատյանա Ֆոնտ, 2013
Այս վավերագրության ուշադրության կենտրոնում են արգենտինական մենոնիտները՝ կրոնական մի համայնք, որն ամիշների պես գիտակցաբար հրաժարվել է նորագույն ժամանակների տեխնոլոգիական ձեռքբերումներից և ապրում է՝ ասես XVIII-XIX դարերում: Ըստ էության՝ ֆիլմում ոչինչ չի կատարվում: Այստեղ մենոնիտների կյանքը բաժանված է գլուխների, որոնցից յուրաքանչյուրի մեջ ներկայացված են գրեթե նույն գործողությունները՝ ճաշ են եփում, դպրոց են գնում, կառք են վարում և այլն, բայց՝ միանգամայն այլ մոնտաժային կոնցեպցիայով՝ ասես հետևելով աստվածաշնչյան սյուժեների փոփոխական` բուռն և հանդարտ ռիթմերին: Ֆոնտը, առանց հարցազրույցների, առանց գլխավոր հերոսի, առանց պատմության, կարողանում է շոշափելի դարձնել այս խորհրդավոր, ըստ էության՝ բարի, բայց երբեմն նաև վախենալու մարդկանց բիբլիական աշխարհընկալումը:
«ՄԵԾ ԼԵԲՈՎՍԿԻՆ» (անգլ.՝ The Big Lebowski)
Ռեժ.՝ Ջոել և Իտան Քոեններ, 1998
Պարտադիր չէ «ոչ մի բանն» ուսումնասիրելիս լինել լուրջ և խոհեմ: Ամերիկացի ռեժիսորներ Քոեն եղբայրները, օրինակ, աներեսաբար ծաղրում են բոլոր նրանց, ովքեր ջանում են որևէ իմաստ գտնել այս անհեթեթ աշխարհում և այդպիսով սեր են խոստովանում մեր հրաշալի, բայց խեղճ մարդկությանը: Դետեկտի՞վ է սա: Այդքան էլ չէ… Դրամա՞: Թրիլլե՞ր: Գուցե, բայց՝ ոչ: Ո՞վ էր հանցագործը: Ինչո՞ւ: Ո՞նց: Ե՞րբ: Ինչպես ասում է հերոսներից մեկը. «Թեթև տար: Գնացինք բոուլինգի»:
10 ֆիլմ կին ռեժիսորներից. Կարեն Ավետիսյան, կինոքննադատ, Sputnik Armenia
«ՕԼԻՄՊԻԱ» (գերմ.՝ Olympia)
Ռեժ.՝ Լենի Րիֆենշտալ, 1938
Միայն պատկերացրեք, թե որքան հսկայական պետք է լինի ֆիլմի գեղարվեստական արժեքը, որպեսզի դրանով շարունակեն հինալ` չնայած հիտլերյան նացիոնալ-սոցիալիզմի պրոպագանդա լինելուն։ 170 հոգուց բաղկացած նկարահանող խումբ, հանճարեղ օպերատորական աշխատանք, 80 տարի առաջ իրականացված ստորջրյա նկարահանումներ, 2 տարի տևած մոնտաժ։ Արդյունքում էպիկական, պաթետիկ ու պոետիկ ֆիլմ:
«ԿԵՍՕՐՅԱ ՑԱՆՑԵՐ», (անգլ.՝ Meshes of the Afternoon),
Ռեժ.՝ Մայա Դերեն, 1943
Ամերիկյան ավանգարդի ամենավառ արվեստագետներից մեկն, անկասկած, Մայա Դերենն է, ով կինոռեժիսոր լինելուց բացի նաև բանաստեղծ էր, պարուհի, դասախոս, կինոյի տեսաբան, լուսանկարիչ և այսպես շարունակ: Նրա ռեժիսորական դեբյուտը նույնպես չի սահմանափակվում կինոյով: Դերենի «Կեսօրյա ցանցեր» 14 րոպե տևողությամբ սյուրռեալիստական շրջապտույտը վաղուց վերածվել է էքսպերիմենտալ արվեստի անկրկնելի նմուշի` ցուցադրվելով ժամանակակից արվեստի լավագույն թանգարաններում, ուսումնասիրվելով արվեստի ինստիտուտներում ու ոգեշնչելով հետագա սերունդների փորձարարներին` Դեվիդ Լինչի գլխավորությամբ:
«ԿԼԵՈ 5-ից 7» (ֆրանս.`« Cléo de 5 à 7»)
Ռեժ.`Անյես Վարդա, 1962
Եթե լեգենդար «Պուանտ կուրտը» դարձավ այն շրջադարձային ֆիլմը, որի գեղագիտությունը հետագայում կտեսնենք «Նոր ալիքի» ու մասնավորապես վաղ Գոդարի ֆիլմերում, “Կլեո 5-ից 7”-ում տեսնում ենք արդեն վաղ Գոդարի շարունակություն: Նորարարությունների ու փոխառությունների միմյանց լրացնող այս հիասքանչ շղթան էլ ձևավորում էր «Ֆրանսիական նոր ալիքը»` կինոյի պատմության ամենանշանավոր ու ազդեցիկ հոսանքներից մեկը, որի «մայրը» կամ «տատիկը» համարվում է անկրկնելի Անյես Վարդան, ում “Կլեո 5-ից 7”-ը բարոյագիտական, ֆեմինիստական կենսիմաստ դիտարկում է ու նաև մի ամբողջ 90 րոպե տևողությամբ էքզիստենցիալ սասփենս:
«ՄԱՐԳԱՐՏԱԾԱՂԻԿՆԵՐ» , (չեխ.՝ Sedmikrásky )
Ռեժ.՝ Վերա Խիտիլովա, 1966
Չեխական կինոյի նոր ալիքում Խիտիլովան ոչ պակաս առանցքային է, որքան Վարդան` ֆրանսիականում: “Մարգարտածաղիկները” ժամանակին արգելվեցին, քանի որ հասցրել էին շրջանցել ժամանակը` թե’ բովանդակային ու թե’ նորարարական լուծումներով: Ֆիլմում պատկերված ատոմային ռումբի էֆեկտը ակամայից խորհրդանշեց այն ռեզոնանսը, որն առաջացրեց ֆիլմն էքսպերիմենտալ կինոարվեստի պատմության մեջ: Աբսուրդիզմ, սյուրռեալիզմ, էպատաժ և, իհարկե, հումոր… ահա բուրմունքի այն բազմապիսի նոտաները, որոնք միավորված են մարգարտածաղիկների բազմաբույր փնջում:
«ԳԻՇԵՐԱՅԻՆ ԴՌՆԱՊԱՆԸ» (իտալ.՝ Il Portiere Di Notte)
Ռեժ.՝ Լիլիաննա Կավանի, 1974
Գուցե Լարս Ֆոն Թրիերը չլիներ այնպիսին, ինչպիսին կա, եթե մի օր չդիտեր «Գիշերային դռնապանը»: Կավանին, խորամանկ լարախաղացի նման անցնում է փշալարի վրայով, որը մեկ քայլ հեռավորությամբ բաժանում է ազատ արվեստը սպեկուլյացիայից, նպատակն` աննպատակից, չարամեծարը` հակապատերազմականից և աղբը` գլուխգործոցից։ «Գիշերային դռնապանը» ներառում է փոխադարձաբար բացառող ֆենոմեննրի նուրբ, միաժամանակ ռադիկալ ուսումնասիրություն `բրուտալ ռոմանտիզմից ու դեկադանսից մինչև “Ստոքհոլմյան համախտանիշ”:
«ՎԵՐԵԼՔ» (ռուս.՝ Восхождение)
Ռեժ.՝ Լարիսա Շիպիտկո, 1977
Շիպիտկոյի կենսագրությանը ծանոթանալուց հետո նրա ֆիլմերի դիտումը միաժամանակ առաջացնում է ուժգին հիացմունք ու մեծ ափսոսանք։ Ափսոսանք, թե որքան ներուժ կար այդ հզոր կնոջ արվեստում ու որքան գլուխգործոցներ կարող էր նա ստեղծել, եթե չլիներ անժամանակ մահը։ Բայց ուրախալի է, որ որոշ գլուխգործոցներ հասցրին ստեղծվել հենց կյանքի օրոք, ու նրանցից ամենակատարյալը` «Վերելքն» է, որը կիսատ մնաց կյանքում, բայց նվաճեց կինեմատոգրաֆիան։
«ԱՍԹԵՐԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ» (ռուս.`«Астерический синдром»)
Ռեժ.`Կիրա Մուրատովա, 1990թ.
Խորհրդային շրջանի հեղինակային կինոն պարզապես անհնար է պատկերացնել առանց Կիրա Մուրատովայի։ Ու եթե Տարկովսկու արգելված լինելը հարաբերական էր ու որոշ չափով անգամ ուռճացված, Մուրատովային հիրավի կարելի է համարել անհույս տառապյալ` խորհրդային գրաքննության երկաթյա ճիրաններում։ Չնայած Մուրատովայի ֆիլմադարանում ավելի կուլտային ու նրան բնորոշող են համարում օրինակ՝ «Կարճատև հանդիպումները» կամ «Երկարատև հրաժեշտները», բժիշկ-ժամանակաբան Մուրատովան պատմության զարկերակը լավագույնը շոշափում է հենց ԽՍՀՄ-ի փլուզման անցումային տարիներն, ու երկմաս «Ասթենիկ համախտանիշը» դառնում է ֆիլմ-ախտորոշում :
«ԽՆՁՈՐԸ» , (պարսկ.՝ سیب),
Ռեժ.՝ Սամիրա Մախմալբաֆ, 1998
Իրանական կինոյում արևելյան բիրտ նահապետականությանն ուղղված տպավորիչ կինոապտակները շատ են , սակայն կա մեկը, որը հասցվեց փխրուն աղջկական դեռահաս ձեռքով. «Խնձորը» նկարահանելիս ռեժիսոր Սամիրա Մախմալբաֆը տակավին 17 տարեկան էր: Վայրագ հոր ու դռնփակ պահվող դուստրերի պատմությունը դառնում էլ ավելի շոկային ու աուտենտիկ, երբ տեղեկանում ենք, որ ֆիլմում կերպարներին մարմնավորում են ոչ ավել ոչ պակաս իրական միջադեպի հերոսները: Իրանական կինոյի հռչակավոր վարպետ Մոհսեն Մահմալբաֆի դուստր Սամիրան այս ֆիլմով ինքն էլ է դառնում կինոդինաստիայի մի «խնձոր»` հոր տաղանդավոր ու հաստաբուն ծառից չընկնելով հեռու:
«ՔՐՈՋՍ» (ֆր.` À ma soeur! )
Ռեժ.` Կատրին Բրեյա, 2001
Կատրին Բրեյան կինեմատոգրաֆիկ իր դիմագծերով կարծես Բերնարդո Բերտոլուչչիի և Դեյվիդ Քրոնենբերգի դուստրը լինի: Դժվար է գտնել այլ կինոգործչի, որն այդքան համարձակ ու մանրակրկիտ կուսումնասիրեր սեքսուալությունը, գենդերային առանձնահատկություններն ու բռնությունը` հասցնելով ֆիլմերը պոռնոգրաֆիայի և ջինջ հեղինակային կինոյի պարադոքսալ սահմանագծին: Առաջին սեռական փորձի պատանեկան կանխավայելումը, գեղեցիկ ու տգեղ քույրերի սեռահասունությունն իր բոլոր բարդույթներով “Քրոջս” ֆիլմում մերկանում են Բռեայի տեսախցիկի առջև:
«ԹՈՆԻ ԷՐԴՄԱՆ», (գերմ.՝ Toni Erdmann ),
Ռեժ.՝ Մարեն Ադե, 2016
Փառատոնային առաջնագծում կին ռեժիսորի նոր գլուխգործոց տեսնելու սպասումները 2016-ին փարատեց գերմանուհի Մարդեն Ադեն, ում «Թոնի Էրդմանը», չնայած անվերջ երկխոսություններով լի զգալի տևողությանը, գամում է էկրանին, որի վրա գերմանական սառնության խտությունը մերթընդմերթ նոսրացնում է յուրահատուկ հումորն այնպես, ինչպես հուժկու համր տեսարանները ճեղքում են կենցաղային երկարուձիգ դիալոգները: Արագընթաց կյանքի ու մենության տրագիկոմեդիան հիրավի կարելի է համարել 21-րդ դարում կին ռեժիսորի նկարահանած լավագույն ֆիլմերից մեկը:
10 ֆիլմ ֆանտաստիկայի ժանրից. Արման Գասպարյան, կինոլրագրող, PANArmenian.Net
Լավագույն ֆանտաստիկ ֆիլմերի մասին խոսելիս, բնականաբար, առաջին հերթին կինոմանը հիշում է Կուբրիկի անմահ «2001։ Տիեզերական ոդիսականը», Ռիդլի Սքոթի պոստմոդեռնիստական «Օտարը», կամ Քրիստոֆեր Նոլանի ժամանակակից «Ինտերստելլարը»։ Սակայն դրանք բոլորը լայնորեն հայտնի, մեյնսթրիմային ստեղծագործություններ են։ Իրականում, ժանրի շրջանակում ստեղծվել են բազմաթիվ որակյալ, սակայն լայն մասսաների համար այդպես էլ աննկատ մնացած ֆիլմեր, որոնցից ես ընտրել եմ տասը։
«ՌԵԼԻԿՏ», (անգլ.The Relic)
Ռեժ.` Պիտեր Հայմս, 1997
Հայմսի ահասարսուռ այս կինոկտավը հիմնված է ամերիկացիների մոտ բավականին մեծ ժողովրդականություն վայելող ֆանտաստիկ համանուն գրքի վրա, որի հեղինակներն են Լինքըլն Չայլդն ու Դագլաս Փրեսթոնը։ Չիկագոյի բնական պատմության թանգարանում տեղի ունեցող արյունալի իրադարձություններն ուղղակիորեն կապված են գենետիկ գիտափորձերի ու Հարավային Ամերիկայի ժողովուրդների մոտ տարածված հնագույն լեգենդի հետ․ թե ինչպես են դրանք միավորվում ու ինչ արդյունքների է դա հանգեցնում, կպատմի լարվածությամբ ու արյան ահռելի դոզաներով հագեցած այս ֆիլմը։
«ԿՈՆԳՈ» (Congo)
Ռեժ.` Ֆրենկ Մարշալ, 1995
Սթիվեն Սփիլբերգի մոտ ընկերը՝ Ֆրենկ Մարշալը սեփական ուժերը ռեժիսուրայում չափում է հազվադեպ, բայց տեղին․ նրա հիմնական ֆունկցիան պրոդյուսերական աշխատանքն է, իսկ տեսախցիկից այն կողմ հայտնվում է միայն բացառիկ դեպքերում։ «Կոնգոն» Մարշալի երազած «սեփական Ինդիանա Ջոնսն է»՝ բայց գիտաֆանտաստիկ ու հորորային անտուրաժում, երբ խիստ տեսարժան արկածներն Աֆրիկական երկրում վերածվում են կատարյալ մղձավանջի։ Տեխնոթրիլլերի հոր՝ Մայքլ Կրայտոնի համանուն վեպի էկրանավորումը, չնայած «թեթև»՝ PG13 ռեյթինգին, բավականին ուժեղ տպավորություն է թողնում։
«ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՐԻԶՈՆ» ( անգլ. Event Horizon)
Ռեժ.` Փոլ Վ․Ս․ Անդերսոն, 1997
Կար ժամանակ, երբ խոտն ավելի կանաչ էր, երկինքն՝ ավելի կապույտ, իսկ Փոլ Վ․Ս․ Անդերսոնը դեռ կարողանում էր լավ կինո նկարել։ «Իրադարձությունների հորիզոնը» իրավամբ կարող է համարվել «Ինտերստելլարի» խորթ հայրը, որում հմուտ կերպով համատեղվել են իսկական գիտությունը, էքշընը, և, ինչն այստեղ կենտրոնական դեր է խաղում, արյունը երակներում սառեցնող սարսափը։
«ԼՈՒՍԻՆ» (անգլ.` Moon)
Ռեժ.` Դանկան Ջոնս, 2009
Աշխարհահռչակ երաժիշտ Դևիդ Բոուիի որդին՝ Դանկան Ջոնսն իր կինոկարիերան սկսեց իսկական կրակոցով․ 2009թ-ին սահմանափակ վարձույթում հայտնված «Լուսին» գիտա-ֆանտաստիկ թրիլերը կինոքննադատների կողմից ընդունվեց ոչ միայն որպես կուբրիկյան ձեռագրի տրամաբանական շարունակություն, այլև որպես բոլորովին նոր ստեղծագործողի ծնունդ, որը դեռ ասելիք կունենա։ «Մեկ մարդու պատմություն» հանդիսացող խճճված ֆիլմի մասին առանց սփոյլերի անհնար է խոսել, սակայն ընթացքում արվող բացահայտումներն ու Սեմ Ռոքուելի ցնցող խաղը թույլ չեն տա մի վայրկյան կտրվել էկրանին ծավալվող իրադարձություններից։
«ՔԼՈՎԵՐՖԻԼԴ» (անգլ.` Cloverfield)
Ռեժ.` Մեթ Ռիվզ, 2008
Հոլիվուդյան «խաբեբա» Ջեյ Ջեյ Աբրամսը երկար ժամանակ ծուղակն էր գցել լրագրողներին ու կինոքննադատներին՝ իր հերթական «խիստ գաղտնի» նախագծից անհասկանալի ու տարօրինակ դետալներ նետելով ցանց, ինչը քննարկումների ու ենթադրությունների հերթական ալիքն էր բարձրացնում։ Էկրաններ բարձրանալով՝ «Քլովերֆիլդը» պայթող ռումբի էֆեկտ ունեցավ՝ ըստ էության վերականգնելով մոքյումենթարիի (ռեպորտաժային կինո) ժանրը, որը մինչև հիմա չի էլ փորձում հեռանալ էկրաններից։
«ՔԼՈՎԵՐՖԻԼԴ ԼԵՅՆ, 10» ( անգլ.` 10 Cloverfield Lane)
Ռեժ.` Դեն Տրախթենբերգ, 2016
Որքան էլ տարօրինակ հնչի, ոչ ոք չգիտի՝ արդյո՞ք այս ֆիլմը նախորդի սիքվելն է, թե՞ դրանք միմյանց հետ ընդհանրապես կապ չունեն, բացի անվան նմանությունից։ Կամերային ֆանտաստիկ ֆիլմ՝ աննկարագրելի Ջոն Գուդմանի գլխավորությամբ, ու կրկին Ջեյ Ջեյ Աբրամսի « անակնկալը»․ կինոդիտողները այս նախագծի գոյության մասին իմացան պրեմիերայից ընդամենը մի քանի օր առաջ։
«ԵՌԱՆԿՅՈՒՆ» (անգլ.` Triangle)
Ռեժ.` Քրիսթոֆեր Սմիթ, 2009
Գիտական ֆանտաստիկան հրաշալի համադրվում է սարսափ ժանրի հետ, մանավանդ, եթե ֆանտաստիկ բաղկացուցիչը կապված է ժամանակի ու ժամանակային պարադոքսների հետ։ Եւս մեկ բառ, եւ կստացվի սփոյլեր, որը կարող է փչացնել այս շքեղ ֆիլմի մասին ամբողջ տպավորությունը, այնպես որ՝ ինքներդ գնահատեք։
«ԿՈՀԵՐԵՆՑԻԱ», (անգլ.` Coherence)
Ռեժ.` Ջեյմս Ուորդ Բըրքիթ, 2013
Քվանտային մեխանիկան այնքան տարօրինակ ու «հակաբնական» է, որ ինքնին նրա դրույթները ֆանտաստիկ են թվում, իսկ գիտության այս ուղղության «էվերետական ինտերպրետացիան» (որը ենթադրում է անվերջ քանակի իրականությունների գոյություն՝ բոլոր հնարավոր ելքերով) հարուստ նյութ է կինեմատոգրաֆիստների համար։ «Կոհերենցիայի» ստեղծողները ֆանտաստիկ թրիլերի սյուժետային հիմքում օգտագործում են հենց այս մոտեցումը․ իսկ ի՞նչ կլինի, եթե տարբեր իրականություններում ապրող նույն մարդիկ միմյանց հանդիպեն։
«ՄԻՄԻԿՐԻԱ», (անգլ.` Mimic)
Ռեժ.` Գիլերմո Դել Տորո, 1997
Սարսափ ժանրի «հայրերից» մեկը՝ մեքսիկացի Գիլերմո Դել Տորոն իր ստեղծագործական կարիերայի սկզբում փորձում էր էքսպերիմենտների գնալ՝ միախառնելով տարբեր ժանրեր․ գիտական ֆանտաստիկայի ու սարսափի ձուլումից ծնված «Միմիկրիան» հեղինակի, թերևս, ամենաթերագնահատված աշխատանքներից է։ Ծայրահեղ մռայլ, անելանելիության մածուցիկ մթնոլորտով հագեցած այս ֆիլմում լարվածությունը էքսպոնենցիալ կերպով աճում է՝ ստիպելով կինոդիտողին կառչել բազմոցին ու որոշ հատվածներում հեռացնել հայացքը էկրանին կատարվող իրադարձություններից։
«ՄՈՒԹ ՔԱՂԱՔԸ», (անգլ.` Dark City)
Ռեժ.` Ալեքս Պրոյաս, 1998
Լավ ռեժիսոր Պրոյասը, ոգեշնչվելով գերմանական էքսպրեսիոնիզմի գլուխգործոց «Մետրոպոլիսով» ու Թերի Գիլիամի «Բրազիլիայով»՝ ստեղծել է 90-ականների ամենայուրօրինակ ֆանտաստիկ կտավներից մեկը, որը, ցավոք, ընկնելով գրեթե նույն թեման շոշափող «Մատրիցայի» ստվերի տակ, այդպես էլ աննկատ մնաց։ Զարմանալին այն է, որ «Մատրիցայի» հեղինակները հետագա հարցազրույցներում կնշեն, որ առավելագույն ազդեցություն իրենց վրա թողել է հենց «Մութ քաղաքը», որը ներկայումս համարվում է կուլտային ու գնահատվում շատ ավելի բարձր կինոէսթետների կողմից։