Եթե լինի Զանգեզուրի միջանցքը, ապա ՀՀ-ն կհայտնվի եռակողմ շրջափակման մեջ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել էր, թե իրանական խոշոր ընկերությունների խումբը շուտով ներդրումներ կանի «Մեղրի» ազատ տնտեսական գոտում: Ներդրումային առաջարկը կառավարությունը գուցե քննարկի սպասվող նիստում։
Այս թեմայով զրուցել ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։
Պատգամավորն անդրադառնալով ներդրումներին թեև կարևորեց Հայաստանի հարավային դարպասի դերակատարումը քաղաքական, անվտանգային ու տնտեսական հարցերում, սակայն, նա կարծում է, որ ներդրումների մասին նախարարի հայտարարությունները պոպուլիստական են: Պատգամավորն արձանագրեց, որ երբ աշխարհաքաղաքական ռիսկերով պայմանավորված՝ ենթակառուցվածքների շուրջ նոր խնդիրներն ամեն օր են առաջանում, իսկ ՀՀ մտնող բեռների մոտ 40 տոկոսն այդ ճանապարհով է գալիս, երբ թուրք-ադրբեջանական տանդեմն ինչ հայտարարում է, իրականություն է դարձնում, մենք ականատեսն ենք լինում հայկական կողմի ոչ համարժեք արձագանքին կամ հարմարվողականությանը:
«Ամեն առիթով ադրբեջանցիները հայտարարում են միջանցքի մասին ու թեև Հայաստանի իշխանությունները հերքում են, բայց, ես կարծում եմ՝ այստեղ մենք ավելի շատ գործ ունենք բառախաղի հետ: Ինչո՞ւ եմ կարևորում միջանցքը, որովհետև եթե հանկարծ բախվենք այն իրողության հետ, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով ունենա վերահսկելի ճանապարհ, նշանակում է՝ ՀՀ-ն կհայտնվի եռակողմ շրջափակման մեջ: Այսինքն, որքան էլ փորձեն դա ներկայացնել ճանապարհները, ենթակառուցվածքները ապաշրջափակելու սուտ քողի տակ, միևնույն է՝ փաստն այն է, որ Հայաստանն իր աշխարհագրությամբ ոչ միայն հետաքրքիր չի դառնալու տարածաշրջանում, այլև բախվելու է լրջագույն տնտեսական հետևանքների»,- նշեց Թադևոս Ավետիսյանը։
Սոնա Գիշյան