«Փոքրիկիս երեւի ամբողջ կյանքումս եմ սպասել, հիմա կյանքիս ամենամեծ նվերն ունեմ». Հարցազրույց Հասմիկ Կարապետյանի հետ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱրդեն մի քանի օր է ինչ երգչուհի Հասմիկ Կարապետյանը վայելում է մայրության բերկրանք: Երգչուհին Ամանորին ընդառաջ ստացել է իր բոլոր ժամանակների լավագույն նվերը` դստերը:
Life.panorama.am-ի հետ զրույցում Հասմիկ Կարապետյանը պատմել է զգացողությունների ու փոքրիկի մասին:
«Փոքրիկիս երեւի ամբողջ կյանքումս եմ սպասել, հիմա կյանքիս ամենամեծ նվերն ունեմ: Մայր դառնալը հրաշքի նման իրադարձություն է կնոջ կյանքում, կտրականապես փոխվում է ամեն ինչ, փոխվում է ներսդ, շրջապատդ, աշխարհընկալումդ:
Հիմա չափազանց մեծ պատասխանատվություն եմ զգում, իսկապես, ծնող դառնալով ասես այլ մոլորակ տեղափոխվես: Անընդհատ ուզում ես այնքան կատարյալ լինել, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի նաեւ երեխայիդ մոտ: Զգացողություններս անսահնան են, խոսքերով դրանք դժվար թե ճիշտ բնութագրես: Մեկ բառով կասեմ` իսկապես կնոջ առաքելությունը մայրանալն է»,- նշեց Հասմիկ Կարապետյանը:
Որպես ծնողներ գնահատելով իրեն ու ամուսնուն` նորաթուխ մայրիկը պատմեց.
«Թերեւս սկսեմ Շանթից.
Ինձ համար շատ գնահատելի էր այն փաստը, երբ ինձ պատմեցին, որ ծննդաբերությունիցս հետո, երբ առաջին անգամ գրկել է դստերը, ամուսինս արտասվել է: Հենց այդ պահից եւեթ նա ուղղակի չի հեռանում մեր կողքից:
Շանթը շատ ուշադիր հայրիկ է, նրա կյանքն էլ է փոխվել հայր դառնալուց հետո: Ինչ վերաբերվում է ինձ` թող անհամեստություն չլինի, բայց ըստ իս լավ մայր եմ: Ամենակարեւորը ես անսահման շատ սեր եմ տալիս փոքրիկիս: Բացի այս, կարծում եմ, եթե կինը չափազանց հոգատար է ամուսնու նկատմամբ, ուրեմն նաեւ լավ մայր կլինի, իսկ ես, առանց ավելորդ գովերքումների, իսկապես չափից ավելի հոգատար կին եմ»:
Փոքրիկի խնամքի հարցում Հասմիկին օգնում է ոչ միայն ամուսինը, այլեւ մայրն ու քույրը.
«Անհանգստությունս ավելի մեծ է, քանի որ առաջնեկս է: Բալիկս շատ մեծահոգի է, առանձնապես շատ նեղություն չի տալիս, բայց ինձ իրենց մեծ օգնությունն են ցուցաբերում մայրս ու քույրս: Այս օրերին մայրիկիս տանն եմ ապրում, բայց վստահ եմ, երբ գնանք մեր տուն, նրանք կշարունակեն օգնել ինձ: Ճիշտն ասաց, թեեւ ամուսինս այնքան էլ համաձայն չէր ինձ հետ, բայց ես ցանկացա պահպանել մեզանում ընդունված 40 օրականը: Դրա մեջ շատ մեծ խորհուրդ եմ տեսնում, դա ճիշտ է նաեւ բժշկական տեսանկյունից հատկապես այս ձմեռային օրերին, երբ վարակները շատ-շատ են»,- նշեց նա:
Մեր հարցին, թե ում է նման Տաթեւը, երգչուհին նկատեց.
«Շատերն աղջկաս ինձ են նմանեցնում, ինքս օր օրի ավելի շատ Շանթին եմ նմանեցնում: Ինչեւէ, այդ մասին դեռեւս շուտ է խոսելը, բայց մի բան հաստատ է, որքան էլ նա եւ ինձ նման լինի, եւ հայրիկին, նա տեսակ է եւ ունի իր յուրօրինակությունը»:
Հասմիկի խոսքով` 13 օրական Տաթեւը արդեն իսկ մեծ ուշադրությամբ հետեւում է տոնածառի գույներին ու լույսերին, այս Ամանորը երգչուհու կյանքում յուրօրինակ նշանակություն ունի.
«Իմ բոլոր ամանորների նվերը ես արդեն ունեմ: Մենք արդեն իսկ պատրաստել ենք Տաթեւի ամանորյա զգեստները ու մեծ ջերմությամբ սպասում ենք այդ գիշերվան: Այդ օրը կլինենք մեր գեղեցիկ ընտանիքով ու կփորձենք Տաթեւի առաջին Նոր տարին հնարավորինս ուրախ ու հետաքրքիր անցկացնել, ամեն ինչ կանենք, որ Տաթեւի ամանորյա հեքիաթը կայանա»,- ավարտեց երջանիկ մայրիկը: