Գերիներին անմիջականորեն ազատ արձակելու պահանջը մերժվել է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, նախագահությամբ դատավոր Ջոան Դոնոգյուի, դեկտեմբերի 7-ին հրապարակել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հրատապ միջոցներ սահմանելու Հայաստանի դիմումի վերաբերյալ որոշումը: Հաագայի դատարանը բավարարել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով գրեթե բոլոր միջանկյալ միջոցների վերաբերյալ պահանջները և մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։
Այս թեմայով զրուցել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ։
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Հաագայի դատարանի կայացրած որոշման մասին` փաստաբանն ասաց․ «Այն, որ որոշ պահանջներ բավարարվելու էին, կանխատեսելի էր, ընդ որում՝ երկու պետության մասով էլ: Երբևիցե կանխատեսում չի եղել, որ կբավարարվեն բացառապես հայկական կողմի պահանջներն ու կմերժվեն ադրբեջանական կողմի պահանջները։ Առհասարակ, միջազգայնորեն հավասարություն դնելու մոտեցումը գոյություն ունի՝ անկախ փաստական տվյալներից ու այս կարծրատիպային վերաբերմունքը կոտրելը բավականին բարդ, սակայն լուծելի խնդիր է։ Ի սկզբանե, այո՛, մտավախություն կար, որ հենց գերիների ազատ արձակման մասը չի բավարարվի, դրա մասին էր նաև վկայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փորձը։ Դատարանն էլ, ըստ էության, ֆիզիկական անձեռնմխելիության, իրավունքների պաշտպանության մասով բավարարեց, բայց մերժեց անմիջականորեն ազատ արձակելու պահանջը, բայց դատարանն ավելի սահմանափակ հնարավորություն ունի, ի տարբերություն ՄԱԿ-ի դատարանի, ու գոնե ակնկալիք կար, որ վերջինս այս խնդրով ավելի պրոակտիվ կգտնվի ու կփորձի միջամտել՝ խափանելով նաև քաղաքական գործընթացներում այս խնդրի անհարկի շահարկումը, բայց, ցավոք սրտի, այս մասով Հայաստանի պահանջները մերժվել են»։
Սոնա Գիշյան