Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սոֆթբոլ
ՖՈՏՈ
Սոֆթբոլը կամ անգլերենից թարգմանած «փափուկ գնդակ»–ը թիմային խաղ է գնդակով, որը նման է բեյսբոլին: Խաղը կարելի է խաղալ մարզասրահում կամ բացօթյա սպորտային հրապարակում: Նմանատիպ խաղ ունեն նաև սլավոնները, որը կոչվում է լապտա, բայց այն մեծ ժողովրդականություն չի վայելում: Կան տարբեր վարկածներ սոֆթբոլի ծագման մասին: Դիտարկենք դրանցից միայն երկուսը:
Շատ հետազոտողներ կարծում են, որ սոֆթբոլը և բեյսբոլը հայտնվել են գրեթե միաժամանակ՝ մոտ 200 տարի առաջ: Ըստ այս վարկածի, երբ ներգաղթյալները գալիս են Ամերիկա, նրանք իրենց հետ բերում են իրենց երկրների հանրաճանաչ խաղերը։ Դրանց թվում են եղել սլավոնական լապտան, անգլիական կրիկետը և սկանդինավյան պեսոպոլոն: Սոֆթբոլն էլ ստեղծվել է այդ երեք խաղերի միաձուլմամբ։ Իսկ ժամանակի ընթացքում բեյսբոլը դարձել է տղամարդկանց սպորտաձև, իսկ սոֆթբոլ կարող էին խաղալ և՛ տղամարդիկ, և՛ կանայք:
Ըստ երկրորդ վարկածի, սոֆթբոլը հայտնվել է Չիկագոյում 1887 թվականին։ Ջորջ Հենքոքն ու իր ընկերները հանդիպել են մարզասրահում։ Նրանք սպասում էին համալսարանական թիմերի ֆուտբոլային հանդիպման ավարտին ու արդյունքի հրապարակմանը։ Որպեսզի ժամանակն ավելի արագ անցնի, նրանք սկսել են միմյանց ձեռնոց նետել, որը նախորոք լցրել էին պարաններով և գնդակի տեսք տվել։ Սկզբում նրանք խաղացել են զույգերով, բայց հետո բաժանվել են երկու թիմի, ինչպես բեյսբոլում: Քանի որ բեյսբոլ խաղում էին հիմնականում փողոցներում, խաղի համար հորինվել է նոր անվանում՝ «բեյսբոլ ծածկի տակ»: Այնուհետև հանդիպումները սկսել են անցկացվել նաև բացօթյա։ 1889 թվականին Չիկագոյում հայտնվել են խաղի պաշտոնական կանոնները։ Լույս է տեսել առանձին գիրք, որը պարունակում էր տեղեկություններ որոշակի քաշով և չափով գնդակի փափուկ նյութով լցոնման, խաղադաշտի չափերի, հատուկ սարքավորումների և խաղացողների հանդերձանքի մասին: Սոֆթբոլի առաջին անվանումներն էին` «մաշբոլ»–ը և «քիտտեն–բոլ»–ը: Կոնկրետ «սոֆթբոլ» անվանումը ծնվել է 1926 թվականին: Միևնույն ժամանակ ի հայտ են եկել այդ խաղի միասնական կանոնները։ Շատերը սոֆթբոլը համարում էին բեյսբոլի կանանցի տարբերակը: Այն ի սկզբանե խաղում էին տղամարդիկ, բայց կանայք ևս սկսել են զբաղվել այդ սպորտաձևով: Կանանց առաջին թիմը ստեղծվել է Չիկագոյում 1895 թվականին։
1933 թվականին ստեղծվել է Ամերիկայի սիրողական սոֆթբոլի ասոցիացիան։ 1950 թվականին կայացել է հանդիպում Հյուսիսային Ամերիկայի լիգայի ներկայացուցիչների և հարևան երկրների՝ Մեքսիկայի, Կանադայի և Կուբայի թիմերի միջև։ 1952 թվականի սկիզբը նշանավորվել է Սոֆթբոլի միջազգային ֆեդերացիայի ստեղծմամբ, որի շտաբ-բնակարանը ներկայումս գտնվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում: Սոֆթբոլի կանանց թիմերի միջև աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել է 1965 թվականին: Մեկ տարի անց՝ 1966 թվականին, տեղի է ունեցել տղամարդկանց առաջին առաջնությունը։ Աշխարհի առաջնությունները սկսել են անցկացվել չորս տարին մեկ անգամ և ամեն տարի մասնակից երկրների թիվը միայն աճել է։ Ավստրալիայում կայացած աշխարհի առաջին առաջնությունում կար ընդամենը 5 թիմ, իսկ հաջորդ տարի Մեքսիկայում այդ թիվը հասել է 11-ի:
Սոֆթբոլն առաջին անգամ ընդգրկվել է ամառային օլիմպիական խաղերի ծրագրում 1996 թվականին։ Ճիշտ է, սոֆթբոլ խաղացել են միայն երկու օլիմպիական խաղերում՝ 1996 և 2008 թվականներին, մնացած օլիմպիական խաղերում այն չի ընդգրկվել:
1965 թվականից ֆեդերացիան ակտիվորեն քարոզում է այդ խաղն աշխարհով մեկ։ Մինչ օրս գրանցվել է ավելի քան 120 մասնակից երկրներ։ Մոտավոր հաշվարկներով աշխարհում ավելի քան 100 միլիոն մարդ սոֆթբոլ է խաղում:
Կ. Խաչիկյան