Մշակույթը՝ սահմանին. Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի սաները հանրապետական փառատոնին նոր հաջողություններ են գրանցել
ՄՇԱԿՈՒՅԹՆոյեմբերյանի «Սինկոպա» վոկալ համույթի սաները (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Ղարդյան) «Մինորա» Բեմարվեստի հանրապետական փառատոնին արժանացել են պատվոգրերի:
1or.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը կարևորեց այն փաստը, որ հանրապետական փառատոնն այս տարի Վանաձորում էր անցկացվում.
«Շատ ուրախ եմ, որ մարզային մշակույթն օրեցօր ավելի ու ավելի է գնահատվում: Մենք ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի կարղանանք, թեկուզ տեխնիկական և շենքային որոշակի թերությունների պայմաններում, աշխույժ պահել մարզերի մշակութային առօրյան: Եվ, երբ դու զգում ես, որ քո աշխատանքը տեսնում ու գնահատում են, ավելի ես ոգևորվում և փորձում ես գերազանցել ինքդ քեզ: Հույս ունեմ՝ մոտ ապագայում մենք նույնպես կկարողանանք նմանատիպ միջոցառումներ հյուրընկալել»:
Հատկանշական է, որ համույթի սաներն առաջին անգամ էին նման մասշտաբի միջոցառման մասնակցում: Մեզ հետ զրույցում մասնակիցներից Ջուլիա Խառատյանը նշեց, որ այս հաջողությունն իրենց ուսուցչուհու երկարատև աշխատանքի և համառ ջանքերի արդյունքն է.
«Ես հպարտության ու ոգևորության մեծ զգացողություն ունեի, քանի որ պարզ երևում էր, որ մեր ելույթը տպավորել էր հանդիսատեսին և փառատոնի կազմակերպիչներին: Իհարկե, հուզմունքը մեծ էր, բայց ես շատ հավանեցի փառատոնը և մեծ սիրով սպասում եմ հետագա հրավերներին»:
Մարիամ Նալբանդյան