Գնում ենք Երևան՝ Նիկոլին դուրս շպրտելու. Գեղամ Նազարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ այսօր Իջևանից երթ է մեկնարկելու դեպի Երևան.
«Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում»,- ասված էր գրառման մեջ։
Այսօր՝ ժամը 11-ին, երթը մեկնարկեց Իջևանի Մայիսյան կամուրջ կոչվող հատվածից.
«Գնում ենք Երևան՝ Նիկոլին դուրս շպրտելու: Մենք մեր առջև քանակ ավելացնելու խնդիր չենք դրել, ի սկզբանե ես ու Ասպրամ Կրպեյանն էինք որոշել քայլել, ուղղակի հանրային ուշադրությունը մեծացավ: Ընթացքում մարդիկ մոտենում են, հարցնում, հետաքրքրվում, աջակցում: Սկսել ենք հատկապես Տավուշից, որովհետև ուզում ենք ցույց տալ Տավուշի և հատկապես երթի մեկնարկակետի կարևորությունը Հայաստանի հետագա զարգացման համար»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմում:
Հարցին՝ գնում են Երևան, միանալու Արթուր Վանեցյանի՞ն, Նազարյանը պատասխանեց.
«Մենք ի սկզբանե բոլորս իրար միացած ենք, ուղղակի ամեն մեկս բողոքի տարբեր գործողություններ ենք իրականացնում, որ հետո բոլորս միավորվենք այս պահին Հայաստանի թիվ մեկ խնդրի շուրջ: Իշխանափոխությունն այս պահին անհրաժեշտություն է, և ինչքան շուտ, այնքան լավ բոլորի համար, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի: Հենց առաջինը ինքը պետք է շահագրգռված լինի, որ այս ամենը շուտ վերջանա»:
Մարիամ Նալբանդյան