Չեմ զարմանա, որ Փաշինյանի նոր բացահայտումը լինի Հրայր Թովմասյանի գրիչի մակարդակի. քաղաքագետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՕրեր առաջ ԱԺ-ում այդպես էլ չկայացած հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե շատ լուրջ բացահայտում է անելու: Ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը և թույլ չտվեցին վերջինիս ասել այն, ինչ պատրաստվում էր:
Նիստն ավարտվեց, սակայն բացահայտումն այդպես էլ չեղավ: Ի վերջո, ի՞նչ էր ուզում ասել վարչապետը:
«Նիկոլ Փաշինյանը բազմիցս այնքան է ապացուցել, որ անլուրջ է, որ հիմա ես բացարձակ չեմ զարմանա, որ այդ բացահայտումը լինի Հրայր Թովմասյանի գրիչի մակարդակի: Ի՞նչ պետք է բացահայտի, չորս տարիների ընթացքում մենք ի՞նչ չէինք իմացել: Ի՞նչ պետք է բացահայտի բանակցային գործընթացից: Ինչքան հիշում եմ, ինքը ԱԺ ամբիոնից այդ օրը հայտարարեց, որ Մինսկի խումբը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս: Բացարձակ սուտ է և կեղծիք, այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել»,- 1or.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Համբարյանի խոսքով՝ Փաշինյանը բազմիցս է ապացուցել, որ ոչ միայն ներքաղաքական հարցերի շուրջ կարող է իրեն թույլ տալ կեղծիքներ և մանիպուլյացիաներ, այլ նաև մեր ազգային շահերից բխող և նույն արցախյան հարցերի վերաբերյալ.
«Մի անգամ չի եղել, որ թե նախկին պաշտոնյաներն են նրան հերքել՝ նույն ԱԳՆ-ն, արցախյան հիմնահարցով զբաղվող պաշտոնյաներ, ովքեր շատ լավ ծանոթ են բանակցային գործընթացին, թե, ասենք, ՌԴ ԱԳՆ-ն, Պետդեպարտամենտի որոշ պաշտոնյաներ: Եվ ամենացավալին այն է, որ ինքը դրանից բացարձակ վատ չի զգում: Էլի եմ կրկնում, Փաշինյանի՝ աչքերին նայելով բացահայտում անելու հերթական փորձը լինելու էր Հրայր Թովմասյանի գրիչի մակարդակի:
Փաշինյանի ցանկացած հայտարարություն պետք է մանրադիտակի տակ ամբողջությամբ հետազոտել, որովհետև ինքը նոր չէ, որ ապացուցել է, որ կարող է հերքել, կեղծել և մանիպուլյացիաների դիմել: Այնպես որ, հասարակությանն առաջարկում եմ սրտին շատ մոտ չընդունել Փաշինյանի անչափ «կարևոր» հայտարարությունները և բացահայտումները»:
Մարիամ Նալբանդյան