Երբ մեր երկիր եկած ռուսաստանցիները մեկնեն, այս աճի գործոնը կորցնելու ենք. տնտեսագետ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ընթացիկ տնտեսական վիճակը համարում է լավատեսական. չնայած գլոբալ տնտեսական վիճակը լարված է, կանխատեսումները՝ հոռետեսական, սակայն վարչապետի հանձնարարականն է՝ կենտրոնանալ բյուջեի կատարման, հատկապես կապիտալ ծախսերի կատարման վրա՝ ապահովելու 7-տոկոսանոց տնտեսական աճ:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ այդ 7 տոկոս տնտեսական աճի բացատրությունը, հիմքերը չկան.
«Սա, ըստ էության, կառավարության համար բարի ցանկություն է, որ իրենց առջև դրել են, ինչը նաև պետք է դրական սպասումներ առաջացնի տնտեսության մեջ: Ռուս-ուկրաինական հակամարտությունը ցնցումներ առաջացրեց համաշխարհային շուկայում, բնականաբար դրանք նաև մեզ հասան, միջազգային մի շարք կազմակերպություններ վերանայեցին Ռուսաստանի, տարածաշրջանի և, առհասարակ, համաշխարհային տնտեսության աճի դինամիկան: Դա նշանակում է, որ հատկապես Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 22 թվականի համար գնահատեցին 1.5-3տոկոսի շրջանակներում՝ մոտ 2-3 անգամ նվազեցնելով իրենց կանխատեսումը:
Նույնիսկ Կենտրոնական բանկը համաձայնեց նրանց հետ՝ կանխատեսելով 1.6 տոկոս: Այդ ամենը, ըստ էության, մարտ-ապրիլ ամիսներին ցուցանիշներն էին հուշում, քանի որ մարտին մենք ունեցանք տնտեսական աճի դանդաղում, արտահանման անկում և այլն, այդ կանխատեսումները տանում էին դեպի 1-2 տոկոսի չափով տնտեսական աճ: Ավելին ասեմ՝ Կառավարությունն իր ներքին փաստաթղթերով 3.7 էր նախատեսել 7-ի փոխարեն»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Պարսյանը:
Տնտեսագետի խոսքով՝ ապրիլի ցուցանիշը, որը 7.8 տոկոսով բարձր է նախորդ տարվա ապրիլի նկատմամբ, Կառավարությանը հույսեր տվեց, որ իրենց կանխատեսած 3.7-ից արդյունքը բարձր է լինելու.
«Այսինքն՝ չնայած չեն հայտարարում, իրենք 7 տոկոսի մասին չեն խոսում, այլ 3.7-ի: Բայց եթե ուշադրություն ենք դարձնում, այդ ցուցանիշները պայմանավորված են ծառայության, շինարարության և առևտրի ոլորտներով և հիմնականում կապված են ռուսաստանցիների ներհոսքով, ովքեր պահանջարկ են առաջացրել հանրային սննդի, անշարժ գույքի և այլ ոլորտներում: Բայց երբ նրանք վերադառնան իրենց կամ այլ երկիր, այս աճի գործոնը կորցնելու ենք»:
Մարիամ Նալբանդյան