Անկանխիկ գործարքների միջնորդավճարներն անպայմանորեն գնաճի վրա ազդեցություն են թողնելու. Նաիրի Սարգսյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրեկ ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերի պատասխանները։ Կետերից մեկում անդրադարձ է կատարվել անկանխիկ գործարքների դիմաց առևտրային բանկերին վճարվող միջնորդավճարներին: Նշվում է, որ ՀՀ քաղաքացիները որևէ միջնորդավճար չեն վճարելու: Այս հարցը գտնվում է տնտեսվարողների և բանկերի միջև առկա պայմանագրային հարաբերությունների տիրույթում: Ընդ որում՝ բանկերն ազատ են սահմանելու իրենց կողմից մատուցվող ծառայությունների գները, այս դեպքում՝ անկանխիկ գործառնությունների իրականացման դիմաց գանձվող միջնորդավճարները: Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է միայն սահմանել անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև դրանց վճարման դեպքերը, կարգը և պայմանները:
«Աուդիտորների Պալատի» նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանի խոսքով՝ Կենտրոնական բանկի մեկնաբանությունը միանշանակ սխալ է.
«Երբևէ չկա այդպիսի բան, որ բիզնեսն է վճարում: Շատ դեպքերում բիզնեսը կարող է, մրցակցությունից ելնելով, ինքը վճարել, բայց սովորաբար նմանատիպ բոլոր ծախսերը ներառվում են վաճառվող ապրանքների և ծառայությունների արժեքի մեջ: Օրինակ՝ կարող են ինչ-որ ապրանքատեսակից լինել 30 ներկրողներ կամ Հայաստանում արտադրող տնտեսվարողներ, որոնք մրցակցությանը դիմակայելու համար անընդհատ գների նվազեցում իրականացնեն և այդ ծախսն իրենց սպասարկեն: Բայց ապրանքների գերակշիռ մեծամասնության մեջ դրանք ներառվելու են արժեքի մեջ, և դա անպայմանորեն գնաճի վրա ազդեցություն է թողնելու:
Մեծ ռիսկեր կան կապված նաև անկանխիկ գործառնությունների իրականացման դիմաց գանձվող միջնորդավճարները բանկերի կողմից սահմանելու մեջ: Սա այն ռիսկն է, որ անպայման լինելու է: Բանկերն առանձին տնտեսվարող սուբյեկտներ են և իրենք են որոշում կայացնում իրենց շահութաբերության մասով, այս դեպքում որևէ մեկը չի կարող միջամտել: Իսկ եթե նույնսիկ ԿԲ-ն սահմանի առավելագույն տոկոսադրույքներ կամ սահմանաչափեր, այս դեպքում մենք չպետք է վստահությունը դնենք դրա վրա, որովհետև ԿԲ-ի այս խորհուրդը կարող է առաջիկա մեկ տարվա ընթացքում առավելագույն 5 տոկոս սահմանեն, որն արդեն շատ է:Եվ հետո, ինչու՞ ենք մենք ժողովրդի բացառիկ իրավունքը վերապահում ԿԲ-ի ինչ-որ մարդկանց, որոնք կարող են արկածախնդիր որոշումներ կայացնել, որոնցից տուժի ամբողջ բնակչությունը: Պետությունը, որը բացառապես պետք է ներկայացնի ժողովրդի շահերը, իրավունք չունի այդ գործառույթը պատվիրակելու որևէ առևտրային ընկերության, որովհետև առևտրային ընկերությունը ենթադրում է շահույթ հետապնդելու նպատակ, իսկ հանուն շահույթի չկան արդեն կանոնակարգումներ, թե ինչը կլինի բարոյական նորմերի սահմանազանցում»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:
Սարգսյանի խոսքով՝ ուժի մեջ մտած օրենքում նմանատիպ ռիսկերի օրինակները բազմաթիվ են.
«Իսկ ԿԲ-ն անդրադարձե՞լ է, օրինակ, տրանսպորտային միջոցների կամ բնակարանների առքուվաճառքի դեպքերին: Չէ՞ որ այնտեղ էլ ՀՀ ռեզիդենտների միջև վճարումը տեղի է ունենում հայկական դրամով, իսկ խնայողությունները Հայաստանում պահվում են արտարժույթով՝ մասնավորապես դոլարով: Եթե այսօրվա փոխարժեքով ենք դիտարկում, ապա անձը պետք է իր խնայողությունը դրամի փոխարկելու համար 410 կամ 412 դրամով փոխարկի, որովհետև բանկերը սովորաբար ամենաանբարենպաստ փոխարժեքն են տալիս, իսկ շահառուին վճարելու համար ինքը պետք է 422 դրամով վճարի: Այսինքն՝ մոտավորապես 10-12 դրամով քաղաքացին տուժելու է, իսկ բանկերը հարաստանալու են: Եվ քանի որ ԿԲ-ն շահագրգիռ հաստատություն է համարվում այս ամենի մեջ, իր մեկնաբանությունները կարելի է պարզապես չլսել այս պարագայում:
Երկրորդ խնդիրը՝ օրենքով ստիպում են ֆիզիկական անձանց գումարները տանել պահել բանկում, որի համար տոկոս չեն ստանում: Այլ հավասար պայմանների դեպքում նրանք դա որպես ավանդ էին ներդնում, և բանկերը շահագրգռված էին բարձր տոկոսադրույքով ավանդների ներգրավման համար: Դուրս է գալիս, որ ֆիզիկական անձն այլևս ավանդի դիմաց տոկոս չի ստանալու, բայց այդ տոկոսը բանկն ավելի թանկ իր վրա վաճառելու է՝ ավելի բարձր տոկոսադրույքով վարկերի տեսքով»:
Մարիամ Նալբանդյան