Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են մեծացնել ՌԴ-ի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալները
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած բանակցությունների արդյունքում որոշել են համատեղ մեծացնել առևտրաշրջանառության ծավալները, ընդառաջել միմյանց տնտեսության և էներգետիկայի ոլորտներում և քայլեր ձեռնարկել առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության համար։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով քաղաքական գործիչների համատեղ հայտարարությանը։
«Երկու երկրների ղեկավարները ծավալուն խորհրդակցություններ են անցկացրել ռուս-թուրքական հարաբերությունների երկկողմ օրակարգի շուրջ և պայմանավորվել են հետևյալի վերաբերյալ․ հավասարակշռության հիմքով մեծացնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն ու հասնել դրված նպատակներին և ընդառաջել հակառակ կողմի ակնկալիքներին տնտեսության և էներգետիկայի ոլորտներում»,- ասված է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ կողմերը պատրաստ են կոնկրետ քայլեր ձեռնարկել երկար ժամանակ երկու երկրների օրակարգում մնացած հարցերի շուրջ համագործակցությունը մեծացնելու համար։ Խոսքը, մասնավորապես, տրանսպորտի, առևտրի, գյուղատնտեսության, արդյունաբերության, ֆինանսների, զբոսաշրջության ու շինարարության ոլորտների մասին է։