Հայ-թուրքական «հարաբերությունների» ծանր փորձությունը․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
1991 թվականի դեկտեմբերի 24-ին Թուրքիայի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը, սակայն Հայաստանի և Թուրքիայի միջև այդպես էլ չեն հաստատվել դիվանագիտական հարաբերություններ: Ավելին՝ 1993 թվականից մինչ օրս Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը։ Ու այս տարիների ընթացքում երկու հարևան երկրների հարաբերությունները կարգավորելու մի քանի փորձեր են եղել։ Դրանցից ամենահայտնին 2009 թվականի «ֆուտբոլային դիվանագիտությունը» և դրա արդյունքում ստորագրված Ցյուրիխյան արձանագրություններն էին, որի շրջանակներում երկու երկրները պետք է հարաբերությունները կարգավորեին առանց նախապայմանների։
Բայց Թուրքիան, իր սովորության համաձայն, ոչ միայն հրաժարվեց վավերացնել արձանագրություններն, այլև փորձեց տարբեր նախապայմաններ առաջ քաշել։ Արդյունքում Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման այս փորձը ձախողվեց։ Ու դա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ միջնորդի դերում էին հանդես գալիս Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն, իսկ մյուս կողմից էլ՝ Հայաստանը Արցախի հարցում հաղթողի դիրքերից էր ներկայանում։ Իսկ ահա 2021 թվականի վերջից սկսվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հաջորդ փորձը, երբ կողմերն այդ նպատակին հասնելու համար որոշեցին նշանակել հատուկ բանագնացներ։ Հետաքրքրական է, որ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ որոշ քայլեր կատարվեցին։ Օրինակ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն ձեռք բերեցին հնարավոր ամենասեղմ ժամկետներում ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն՝ այդ երկրներ այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար:
2023 թվականի հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրեց, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնելու բոլոր խոչընդոտները։ Իսկ փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանը ոչ միայն փրկարարներ ուղարկեց աղետի գոտի, այլև հայկական բեռնատարները շրջափակումից ի վեր առաջին անգամ, հատելով հայ-թուրքական սահմանը, հումանիտար օգնություն տեղափոխեցին դեպի Թուրքիա։ Այս իրադարձությունների ֆոնին թվում էր, թե հայ-թուրքական հարաբերությունների վերջնական կարգավորումն ընդամենը ժամանակի հարց է։ Իսկ ՀՀ իշխանություններն էլ անընդհատ ոգևորություն էին առաջացնում՝ նշելով, թե Թուրքիան այլևս պատճառ չունի Հայաստանի հետ սահմանը փակ պահելու։ Բայց այն հանգամանքը, որ մինչ այժմ Անկարան չի բացել Հայաստանի հետ սահմանը, վկայում է այն մասին, որ Թուրքիան ոչ թե ցանկություն ունի Հայաստանի հետ ուղղակի հարաբերությունները կարգավորելու, այլև ձգտում է հասնել իր կողմից առաջ քաշվող նախապայմանների իրականացմանը։
Անկարան ներկա պայմաններում օգտվում է առիթից, որ Արցախյան պատերազմում Հայաստանը պարտվել է ու թուլացած դիրքերից է հանդես գալիս, իսկ մյուս կողմից էլ՝ Հայաստանի հետ բանակցում է առանց միջնորդների, որոնք կարող էին մեղմացնել Հայաստանի վրա թուրքական ճնշումը։ Ու դեռ շատ մեծ հարց է՝ եթե Հայաստանն իրագործի այդ նախապայմանները կամ որոշակի զիջումների գնա, դրանց չեն հետևի՞ այլ նախապայմաններ։ Այսինքն, իրականում սա ավելի շատ հռետորական հարց է... Օրինակ՝ Թուրքիան բացահայտ կերպով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ներկայում կապում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հետ։ Բայց ժամանակի ընթացքում նոր պահանջներ են ի հայտ գալիս։ Եվ վերջերս հայ վրիժառուներին նվիրված «Նեմեսիս» արձանի տեղադրումը Երևանում լուրջ փորձություն է դարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերի համար։
Պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտեցին Երևանում հուշակոթողի տեղադրումը: Այդ պատրվակով Թուրքիան նույնիսկ փակեց իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։ Ավելին՝ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ եթե արձանը չհանվի, ոչ միայն քայլեր չեն ձեռնարկվի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, դեռ մի բան էլ պատասխան միջոցներ կձեռնարկեն։ Հասկանալի է, որ այդ պատասխան քայլերը կարող են լինել պատժամիջոցների կամ այլ թշնամական գործողությունների տեսքով։ Այս իրողությունը ցույց է տալիս, որ Թուրքիան ուղղակի առիթ է փնտրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձը ձախողելու և քիչ թե շատ ձեռք բերված պայմանավորվածությունները փլուզելու ուղղությամբ։ Դրա համար էլ այս անգամ օգտագործվում է հուշարձանի թեման, վաղը նույն կերպ թուրքական կողմը կարող է պահանջել ապամոնտաժել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրները։ Այսինքն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս փորձն ի սկզբանե ձախողված է՝ ի հեճուկս ՀՀ իշխանությունների՝ սահմանը բացված տեսնելու վարդագույն ակնկալիքների։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում