Ոչ մեկ այսքան ժամանակ ինձ չի մեղադրել անգործության կամ ոչ հետևողական լինելու մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShabat.am-ը գրում է.
Shabat.am-ի զրուցակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն է:
-Պարո՛ն Սարգսյան, 2012թ.-ից Ազգային ժողովում պատգամավոր եք ընտրվել թիվ 1 ընտրատարածքից: Կպատմեք, թե այս ընթացքում Ձեր նախաձեռնությամբ կամ Ձեր կողմից ի՞նչ աշխատանքներ են իրականացվել` իրենց ձայնը ձեզ վստահած քաղաքացիներին օգնելու ուղղությամբ:
-Նախաձեռնություններն ավելի շատ եղել են ոչ թե Ազգային ժողովում, այլ` դրսում, բնակիչների հետ: Կազմակերպվել են բազմաթիվ ընդունելություններ, բակային միջոցառումներ, կատարվել են տարաբնույթ աշխատանքներ, որին անմիջական մասնակցություն եմ ունեցել: Ժողովրդի հետ շփումն ամենօրյա է, նույնիսկ` ամենժամյա: Իրականում դա ավելի բարդ է, քան ԱԺ-ում ինչ-որ օրենքի նախագծով հանդես գալը: Քաղաքացիները գլոբալ հարցերով չեն դիմում, որ ես դրանք ներկայացնեմ Ազգային ժողովին: Նրանց հուզում է առաջին հերթին իրենց կենցաղային ամենօրյա խնդիրներն ու հոգսերը, ես էլ իմ հերթին փորձում եմ միշտ լսել ու օգտակար լինել:
-Լրագրողների կողմից հաճախ կարծիք է հնչում, որ Դուք ամենաքչախոս պատգամավորն եք: Ինչո՞վ է դա պայմանավորված և ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:
- Երբեմն ինձ ասում են՝ Ազգային ժողովում ելույթ չեմ ունենում, քչախոս եմ: Բոլոր այդպես խոսացողներին, կպատասխանեմ հետևյալ կերպ. ես գերադասում եմ աշխատել, հարցեր լուծել առանց ավելորդ խոսքերի:
Իմ պատգամավորական գործունեության ընթացքում ես միշտ մասնակցել եմ ԱԺ-ի արտահերթ և լիագումար նիստերին, ինչպես նաև` հանձնաժողովի նիստերին ու քննարկումներին: Իմ ամենօրյա աշխատանքը տեսել և զգացել է իմ ընտրատարածքի յուրաքանչյուր ընտրող. և՛նրանք ովքեր ինձ ձայն են տվել, և՛ նրանք ովքեր ձայն են տվել ուրիշներին:
Ընկերներս երբեմն ինձ մեղադրում են ավելորդ համեստության համար: Բայց, փառք Աստծո, ոչ մեկ այսքան ժամանակ ինձ չի մեղադրել անգործության կամ ոչ հետևողական լինելու մեջ:
-Դուք ունե՞ք հակառակորդներ։ Ինչպե՞ս եք վերաբերվում մրցակցությանը քաղաքական դաշտում:
-Մեր հակառակորդը պետության տեսքով է՝ Ադրբեջանը: Հայաստանի Հանրապետական կուսակցության ներսում ես չեմ մրցակցում որևէ մեկի հետ, քանի որ բոլորս նույն աշխատանքն ենք կատարում կուսակցության համար:
Մրցակիցներ, այո՛, կան. այն 8 քաղաքական ուժերի հետ ենք մրցելու, որոնց անունը Հանրապետական չէ: Կարծում եմ՝ քարոզարշավի ընթացքում, մեր անցած ճանապարհի գնահատականը ժողովուրդը կտա՝ անկախ մեր նկատմամբ հնչող քննադատություններից: Աշխատող մարդուն միշտ էլ քննադատում են: Ընտրապայքարի ժամանակ կերևա, թե ով ինչ է արել և ինչ է անելու ժողովրդի համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: