Ուկրաինան ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ է հրավիրում «Կախովսկայա» ՀԷԿ-ի ոչնչացման հարցով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրում «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ոչնչացման հարցով։ Այս մասին հունիսի 6-ին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
«Հունիսի 6-ի առավոտյան Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի արդյունքում համաձայնեցվել է Ուկրաինայի ԱԳՆ գործողությունների ցանկը, որը, մասնավորապես, ներառում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի գումարումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նաև հայտարարել է այս հարցը ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստին քննարկելու, ինչպես նաև «Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ակտիվացման» անհրաժեշտության մասին։
Բացի այդ, Ուկրաինան կոչ է արել G7-ի երկրներին և ԵՄ-ին «անհապաղ դիտարկել Ռուսաստանի Դաշնության դեմ նոր լայնածավալ պատժամիջոցների սահմանումը, այդ թվում՝ ռուսական հրթիռային արդյունաբերության և միջուկային արդյունաբերության նկատմամբ»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը և վարչական շենքերը գրեթե ամբողջությամբ անցել են ջրամբարի ջրի տակ:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը պայթյունի հետևանքով «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը փլուզվել է։ Այժմ մոտ 80 բնակավայր գտնվում է հեղեղումների վտանգի տակ։ Իշխանություններն արդեն իրականացնում են տարհանում, Դնեպրի աջ ափի կրիտիկական գոտում 16 հազար մարդ կա։
Կատարվածի համար Ուկրաինան ու Ռուսաստանն իրար են մեղադրում: Ուկրաինան գործ է հարուցել էկոցիդի հոդվածով՝ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի պայթյունի պատճառով։